Բաժիններ՝

«Ռասիզմից տուժած ազգի ռասիստ լինելը որևէ ձևով չի բացատրվում». Անդրե Սիմոնյան

Երբ համացանցում տարածվեց սևամորթի և հայ աղջկա ընտանեկան լուսանկարը, ու տարբեր կարծիքներ էին շրջանառվում, որոնց մեջ գերակշռում էին ռասիստական շեշտադրումներ ունեցողները, «The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր, երգիչ Անդրե Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում նման բովանդակությամբ գրառում կատարեց. «Ես ամաչում եմ, որ ապրում եմ մի հասարակությունում, որտեղ ռասսան դեռևս չլուծված խնդիր է, և նույն հասարակությունը մեղադրում է Թուրքիային մեր ռասսայի պատճառով մեզ ստորադասելու համար։ Կրկնակի ստանդարտներ…»:

168.am-ը զրուցել է երգչի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ նման գրառում կատարեց, ո՞ւմ էր այն ուղղված, ինչպե՞ս է վերաբերվում մեր հասարակության մեջ առկա նմանատիպ բացասական երևույթներին, երբ կարող է քննարկվել սևամորթի՝ հայկական տարազ հագնելը կամ հայ աղջկա հետ ամուսնանալը.

– Անդրե, հատկապես ինչի՞ց հետո որոշեցիք նման գրառում անել, որովհետև մի քիչ հակասական էր՝ հաշվի առնելով, որ կային նաև այդ երևույթին նորմալ վերաբերվող մարդիկ:

– Երբ այդ օրը կարդացի մեկնաբանությունները, ինձ բավական նեղացրեց այն, որ հայ ազգի մեջ դեռևս կան այդքան ռասիստ մարդիկ, որովհետև դա զուտ ռասիզմ է, որը մարդիկ փորձում են ներկայացնել՝ որպես հայրենասիրություն: Շատ մեծ տարբերություն կա այդ երկուսի մեջ. հայրենասիրությունն այն է, որ դու սիրում ես քո հայրենիքը, մտածում քո հայրենիքի ապագայի մասին, իսկ երբ դու սկսում ես ատել այլ ազգերին, այլ երկրներին, դա ուղղակի սև ու սպիտակ ռասիզմ է: Եվ ինձ շատ հուզեց այդ հարցը, որովհետև հենց հայերը ռասիզմի զոհ են եղել. մենք միշտ ասում ենք, որ Թուրքիան հայերին կոտորել է, փորձել է վերացնել մեր ազգը, մեր ռասան, և ռասիզմից տուժած ազգի ռասիստ լինելը որևէ ձևով չի բացատրվում:

Կարդացեք նաև

Կային մեկնաբանություններ, որտեղ ասվում էր՝ դուք կցանկանայի՞ք, որ ձեր փեսան այլ ազգից լիներ կամ լիներ սևամորթ: Գիտե՞ք, եթե մեկը նախընտրում է՝ իր փեսան լինի հայ, դա չի նշանակում, որ ինքը ռասիստ է, գուցե գործնական պատճառներով, կամ, օրինակ, լեզվի առումով ուզում է, որ փեսայի հետ հայերենով շփվի, և նախընտրում է, որ փեսան հայ լինի: Բայց դա չի նշանակում, որ ինքը չպետք է սիրի ուրիշ ազգերին կամ թերագնահատի այլ մշակույթները: Ազգայնամոլության խնդրիներից մեկն էլ, որ կա Հայաստանում, այն է, որ մենք կարծում ենք՝ ամեն ինչով ամենալավն ենք աշխարհում. մեր մշակույթն ամենալավն է, մեր խոհանոցն ամենալավն է… և հենց դա պատճառ է դառնում, որ չկարողանանք առաջադիմել: Երբ մարդ կարծում է, որ ինքն ամենալավն է, էլ չի տեսնում իր թերություններն ու չի կարողանում առաջադիմել: Հենց այդ պատճառով էլ մենք պետք է փորձենք մի քիչ մեծացնել մեր տեսլականը, մեր աշխարհայացքը: Նույն՝ ռասիստ մարդիկ են, որ թեկուզ հենց Երևանում հարցնում են՝ դու ո՞ր քաղաքից ես, երբ ասում ես՝ որ քաղաքից ես, հարցնում են՝ ո՞ր թաղից ես, երբ ասում ես՝ այսինչ թաղից եմ, հարցնում են՝ ո՞ր բակից ես: Այսինքն՝ այնքան փոքր տեսլական ու այնքան փոքր աշխարհայացք ունեն, որ իրենց համար պետք է ամեն ինչ մանրացվի՝ մարսելի դառնալու համար, իսկ սա այդ դարը չէ:

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է մեր հասարակության մեջ դեռ ակտուալ ռասիզմի թեման, և առհասարակ ինչո՞ւ են այստեղ անհարգալից վերաբերվում մարդու ազատ ընտրությանը:

Ինձ թվում է՝ դա գալիս է այս երկրի շատ երիտասարդ լինելուց. այս երկիրն ընդամենը 25 տարի է, որ խառնվել է միջազգային ընթացքին, ու, քանի որ միշտ եղել է սահմանափակ՝ Սովետի կառավարության տակ, հայ ազգը չի կարողացել համաշխարհային մասշտաբի մեջ տեսնել մեծ պատկերը: Երբ ես հանդիպում եմ նոր սերնդին, վորքշոփեր եմ անում 14-15 տարեկան երեխաների հետ, հակառակ այլ երկրների երեխաների՝ իրենք ունեն ավելի մեծ աշխարհայացք, ավելի մեծ տեսլական, քան ավագ սերունդը: Դա ինձ հույս է տալիս, որ ապագայում չենք ունենալու այնպիսի պրիմիտիվ խնդիրներ, ինչպիսին ռասիզմն է:

Իմ հարազատ քույրն ամուսնացած է անգլիացու հետ, և ես աջակցել եմ նրան այդ հարցում: Նախքան ամուսնությունն ինքն ուներ հայ ընկեր, որին ես մարդկային առումով չէի հավանում: Չեմ ասում, որ ես եմ որոշել՝ քույրս ում հետ պետք է ամուսնանա, ես այդ իրավունքը չունեմ, բայց ես իրեն խորհուրդ տվեցի՝ մատնանշեցի այդ հայ տղայի մարդկային վատ գծերը, ու ինքն ընդունեց դա: Այդ հայ տղայի հետ հարաբերություններն ավարտելուց մեկ տարի անց քույրս հանդիպեց մի անգլիացու, որը մարդկային չափանիշներով հիանալի մարդ էր, և հիմա ունեն շատ երջանիկ ընտանիք: Ու ինձ ընդհանրապես չի խանգարում այն, որ քույրս ամուսնացել է այլ ազգի ներկայացուցչի հետ:

– Դուք երկար տարիներ ապրել եք Լոնդոնում, տարբեր երկրներում եք եղել, շփվել եք տարբեր ժողովուրդների հետ, նման խնդիրներ այլ հասարակություններո՞ւմ էլ կան:

Ռասիզմը մի խնդիր է, որ բոլոր երկրներում էլ գոյություն ունի, բայց կարող եմ անկեղծ ասել, որ այս մասշտաբի ռասիզմ որևէ այլ երկրում ես չեմ նկատել: Հայաստանում եթե դու մի քիչ տարբերվում ես, շատ հեշտ կարողանում են մտնել քո անձնական կյանք ու հարցնել՝ որտեղի՞ց ես, կամ՝ մենք լավն ենք… այսինքն՝ շատ չոր ու կոպիտ հարցեր: Եվ շատ ես նկատում, որ հայերը փորձում են այլ ազգերին բացատրել, որ հայերը բոլոր առումներով լավն են, ինչն ինձ համար ուղղակի ծիծաղելի է, որովհետև հայերն ունեն շատ-շատ լավ կողմեր, բայց նաև՝ շատ թերություններ, որոնց վրա պետք է աշխատեն:

Առաջին հերթին՝ պետք է տեսնեն իրենց սխալը: Ես նկատեցի, որ շատ մարդիկ չէին ընդունում, որ ռասիզմ է այն, երբ ասում ես՝ սև մաշկ ունեցողն իրավունք չունի  հայկական տարազ հագնել, կամ՝ սև մաշկ ունեցողն արժանի չէ ունենալ հայ ընտանիք: Ինձ համար ծիծաղելի էր, որ ժողովուրդն ասում էր՝ դա մշակույթ պահելու ձև է, մենք փոքր ազգ ենք, չպետք է խառնվենք այլ ազգերին: Այդ պրիմիտիվ մտածելակերպը պետք է վերացվի մեր ազգի միջից:

Պատկերացրեք, դուք՝ որպես տուրիստ, գնաք Շոտլանդիա, նրանց տարազով նկարվեք, ու այնտեղ գրեն՝ այս մարդն ի՜նչ իրավունք ունի՝ մեր տարազով նկարվելու: Բայց բոլորս էլ անում ենք դա. որպես տուրիստ՝ հագնում և նկարվում ենք այլ տարազներով: Թերագնահատել մի մարդու, որը հետաքրքրվել է, որն ընտրել է քո ազգից մեկին՝ որպես իր կյանքի ընկեր, ուղղակի պետք է հանցանք համարվի:

– Ըստ Ձեզ՝ մեր հասարակության միջից ե՞րբ կվերանան այս խնդիրները, և դրա համար ի՞նչ է պետք:

– Իմ հույսն այդ 14-15 տարեկաններն են, այսինքն՝ այն սերունդը, որ հասունանալու է և դառնա ավագ սերունդ, և նրանից հետո եկող սերունդները: Որովհետև բոլոր մեծ փոփոխություններից, հեղափոխություններից, հեղաշրջումներից հետո բոլոր երկրներում, ցավոք, մեկ կամ երկու սերունդ տուժում է: Դա անցնելուց հետո միայն նոր սերունդն է գալիս: Ուղղակի հուսով եմ, որ այսօրվա ավագ սերունդը կկարողանա այդ նոր սերունդների համար թողնել այնպիսի Հայաստան, որ նրանք կարողանան մշակել. այնքան վատ վիճակում չթողնեն երկիրը, որ նրանք ուղղակի տառապեն:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս