Բաժիններ՝

«Այս տարի ամենասարսափելին ապրիլյան քառօրյա պատերազմն էր, այդ տղաների, սիրելի ձագերի կորուստը …». Արամո

168.am կայքը զրուցել է երգիչ, դերասան Արամոյի հետ։ Մեզ հետ զրույցում Արամոն խոսելով անցնող տարվա իրադարձությունների մասին՝ ասաց, որ տարին ստեղծագործական առումով բուռն էր, իսկ ամենասարսափելին ապրիլյան քառօրյա պատերազմն էր։

– Արամո, տարին ստեղծագործական առումով ինչպիսի՞ն էր Ձեզ համար։ Ինչպե՞ս կգնահատեք այն։

– Ստեղծագործական առումով տարին բուռն էր, տարին եզրափակեցի՝ երկու ֆիլմում նկարահանվելով: Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասում մարմնավորեցի հատուկջոկատային մայորի կերպարը, երկրորդ ֆիլմն Արշալույս Հարությունյանի ֆիլմն էր, որը ռուսական նախագիծ է: Այդտեղ ավելի կրիմինալ, հանցագործի դեր էի կատարում: Տարին իմ ընտանիքի, Էմմայի համար շատ բուռն էր, քանի որ նա երկու մենահամերգ ունեցավ, որին ես իմ մասնակցությունն ունեցա Կամերային նվագախմբի հետ: Այս տարի՝ նոյեմբերի 9-ին, մենահամերգ ունեցա, որը կրում էր «30 տարի բեմում» խորագիրը: Լավ էմոցիաներով փակում ենք տարին և գնում ենք գալիք Նոր տարի, տեսնենք՝ ինչ կլինի մյուս նոր տարում:

aramo-1

Կարդացեք նաև

– Արամո, հարցազրույցներից մեկում ասել եք, թե ակնկալում եք, որ Ձեզ այլ՝ ավելի դրամատիկ դերեր առաջարկեն:

– Այո՛, ես սիրով կցանկանայի դրամատիկ կերպարի մեջ լինել: Չգիտեմ՝ կարծես նոր ֆիլմի նախաձեռնություններ կան, և կարծում եմ՝ հաջորդ տարի, եթե առաջարկ լինի, մեծ սիրով կմարմնավորեմ այդ կերպարը: Առաջարկություններ կան, բայց դեռ վաղ է դրանց մասին խոսելը: Սպասենք, հաջորդ տարում կտեսնենք:

– Տարին ինչպիսի՞ն էր մեր երկրի համար։

– Ամենասարսափելին այդ ապրիլյան քառօրյա պատերազմն էր, երբ, ցավոք, ունեցանք զոհեր: Այդ երիտասարդ տղաներն իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին: Դա մեր պատմության ամենացավալի օրերից էր, դա բոլորիս համար, սկսած երեխայից՝ մինչև ծերունի, ողբերգական էր: Այդ տղաների, սիրելի ձագերի կորուստը…

– 2017թ. պլանավորո՞ւմ եք Էմմայի հետ հանդես գալ համերգով:

– Բնականաբար, համերգներ կլինեն, բայց դեռ վաղ է այդ մասին խոսելը: Վստահ եմ՝ կլինեն:

aramo-2

– Արամո, ի՞նչ ակնկալիքներ ունեք 2017թ. մշակութային ոլորտից:

– Կարծում եմ՝ Արմեն Ամիրյանը շատ գիտակ անձնավորություն է, և բարեփոխումներ կլինեն։ Վստահ եմ, որովհետև ներշնչող բան կա Արմենի խոսքում: Կարծում եմ՝ նա լուրջ քայլեր կձեռնարկի արվեստի, մշակույթի որակը բարձրացնելու համար:

– Հեռուստատեսության որակը Ձեզ բավարարո՞ւմ է: Խոսքը եթերից հաճախ մատուցվող ռեստորանային երաժշտության մասին է: Նկատի ունեմ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչ» երաժշտական նախագիծը:

– Ես դեմ էի այդ ժանրի, որակի երգերին: Նայեցի այն հաղորդումը, որտեղ երգում էին այդ ռեստորանային երգիչները: Դա ինձ դուր չեկավ, բնականաբար: Ես դրան դեմ եմ ու դեմ եմ եղել, բայց մյուս հաղորդումները, որոնք մակերեսորեն լսել եմ, այդ որակի երգիչների համար նորմալ էր: Թող հեռուստատեսությունը և լրագրողները չանդրադառնան այդ երգիչ կոչեցյալներին, ու, քանի որ վերջիններս հիմք չունեն, շատ արագ տեսադաշտից կանհետանան: Նրանց չեմ էլ ուզում երգիչ ու արվեստագետ անվանել:

aramo-4

Ըստ իս՝ լրատվամիջոցներն ու լրագրողներն են գովազդում այդ երգիչներին: Պետք է ձև մշակել, որ մաղվեն այդ երգիչները: Թող լրագրողները հարցազրույց չվերցնեն, ու նրանք կմոռացվեն: Նրանք խորհրդային տարիներին երգում էին ռեստորաններում: Ես դեմ չեմ ռեստորանում լինել: Ես էլ, երբ գնում եմ ռեստորան, խնջույքներին պարում եմ: Նրանք այդ սանդղակից չպետք է գնան եթեր և հարցազրույցներ:

– Ընդդիմախոսները նման կոչերին պատասխանում են՝ ասելով, թե դա պահանջարկ ունի։

– Եթե արվեստի մասին ենք խոսում, ուրեմն արվեստագետը պետք է թելադրի, բարձրացնի մարդուն բարձր մակարդակի, ոչ թե իջնի այդ մակարդակին: Պահանջարկը ո՞րն է: Դա տրաֆարետային արտահայտություն է: Շատ բան են պահանջում: Նույն այդ մասսան, որը գնում է լավ ապրանք, լավ մեքենա առնելու, ինչո՞ւ «Ժիգուլի» չի գնում: Դե, թող «Ժիգուլի» վարի։ Գիտեն, չէ՞, որ «Մերսեդեսն» ապահով է: Ոչ մի պահանջարկ էլ չկա: Կոմունիստների ժամանակ անգամ ամենաանկիրթ մարդը ձգտում էր համերգներ գնալ: Բանվոր դասակարգին բաժանում էին տոմսեր, որ նրանց երեխաները ծանոթանան բարձր արվեստի, թատրոնի, կամերային երաժշտության հետ: Չի կարելի անընդհատ ասել, թե ժողովուրդը պահանջում է: Հարկավոր է վերջ տալ դրան: Ժողովուրդը դա չի կարող պահանջել: Իմ և Էմմայի համերգներից սկսած՝ փայլուն հանդիսատես է եղել: Ամենահասարակ հանդիսատեսն էլ ձգտում է գեղեցիկին, էսթետիկ ճիշտ վիճակին, ուզում է բան սովորել:

– Բայց արդյո՞ք մեղավոր չեն նրանց եթեր տվողները:

– Իհարկե, չպետք է եթեր տալ, նրանց պետք է անտեսել: Կան հիանալի արվեստագետներ, նկարիչներ, քանդակագործներ, որոնք գլուխները կախ՝ մասնակցում են փառատոների, մշակութային արժեքներ են ստեղծում: Ոչ ոք չի անդրադառնում նրանց: Ընկնում են շոու-բիզնես կոչված այդ խամաճիկների հետևից: Նրանք էլ կարծում են, թե արժանի են, որ անդրադարձ է կատարվում իրենց: Պետք է անդրադառնալ լուրջ արվեստագետների, ովքեր շատ խոհեմ իրենց գործն են անում: Դա լրագրողների և հեռուստատեսության մեղքն է: Արտիստը կամ քանդակագործը մեղավոր չէ, որ իրենից հարցազրույց չեն վերցնում: Սրա մասին է հարկավոր մտածել: Լրագրությունը բացառիկ մասնագիտություն է՝ բացահայտելու մարդկանց ու ներկայացնելու նրանց:

Շատ լավ արվեստագետներ ունենք թե՛ երիտասարդ սերնդի մեջ, թե՛ ավագ, որոնք հիանալի զրուցակիցներ են, հենց նրանց գործերն են մնայուն:

Ի՞նչ մաղթանք կհղեք։

– Ցանկանում եմ, որ ամենագլխավորը՝ ողջ աշխարհում և մեր հայոց աշխարհում խաղաղություն լինի: Ես ուզում եմ շնորհավորել մեր սահմանում կանգնած զինվորների Նոր տարին ու Սուրբ Ծնունդը, որ խաղաղ ծառայեն ու գան-հասնեն իրենց ընտանիքներին, ընկերներին ու սիրելիներին: Ցանկանում եմ, որ հակառակորդի կողմից ոչ մի փամփուշտ չգա դեպի մեզ, սեր եմ ցանկանում, հաջողություն: Սիրում եմ, շնորհակալ եմ իմ հանդիսատեսին: Աստված պահապան մեր հայ ազգին և մեզ բոլորիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս