Բաժիններ՝

«Այնպես չլինի, որ այս տարին՝ իր բոլոր բացասական դրսևորումներով, մեր աչքին շատ դրական թվա». գրականագետ Դավիթ Գասպարյանն ամփոփում է անցնող տարին

Տարին ավարտվում է, իսկ մտավորականները հետևություններ են անում՝ ի՞նչ տվեց անցնող 2016-ը տեղական մշակութային կյանքին, կամ տվե՞ց արդյոք:

Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այսօր այս թեմային անդրադարձան
ռեժիսոր Հրանտ Վարդանյանը, երաժիշտ Վահան Արծրունին և գրականագետ Դավիթ Գասպարյանը:

«Մանրամասներ չեմ ասի այսօր, բայց կասեմ գլխավորը՝ մեզանից պակասեց հայ մարդու արժանապատվությունը,- այսպես մեկնարկեց լրագրողների հետ տարեվերջյան հանդիպումը գրականագետ Դավիթ Գասպարյանը և շարունակեց,- Մեր ժողովուրդը կարծես կորցրել է ինքն իր հանդեպ հարգանքը, հավատը սեփական ուժերի նկատմամբ, և, եթե մենք կարողանանք, գոնե աստիճանաբար, բայց վերականգնել ազգային և մարդկային արժանապատվությունը, արդեն իսկ կարծում եմ՝ շատ բան արած կլինենք: Սա ասելով՝ ամփոփում եմ ոչ միայն անցնող տարվա ընթացքում, այլև առհասարակ վերջին տարիներին տեղի ունեցած այն դեպքերը, որ հոգևոր անկման հասցրեցին մեր երկիրը, և, երբ այս ամենի մեջ մարդկանց դեմքին ժպիտ ես ուզում գտնել, բայց որտեղի՞ց գտնես, փոխադարձ բարեկրթություն ես փորձում գտնել, մեկը մյուսին զիջող վեհ մի բան որոնել… չես գտնի, որովհետև իջեցրել ենք նշաձողը»:

Գրականագետը նշեց, որ ծանր է տանում հայոց լեզվի աղավաղումը.

Կարդացեք նաև

«Չկա առավել բարձր արժեք, քան լեզվի որակի պահպանումը, և, եթե լեզվի որակն ընկնում է, ուրեմն իմացեք, այստեղ ևս ոտնահարվում է մեր ազգային արժանապատվությունը: Ես չեմ ուզում ասել՝ լավատե՞ս եմ, թե՞ վատատես: Ես իրատես եմ, և մեր իրականությունն այսօր սա է»:

Մեծ ջանքեր գործադրելուց հետո միայն գրականագետը կարողացավ ի մի բերել ասելիքն ու ձևակերպել անցնող տարվա արձանագրած դրական միտումները, որը, կարծես, այնուամենայնիվ, ըստ էության չստացվեց.

«Այնպես չլինի, որ այս տարին՝ իր բոլոր բացասական դրսևորումներով, մեր աչքին շատ դրական թվա: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև տագնապներ ունեմ: Ռուսաստանն այսօր իմպերիալիստական ձգտումներ ունի և իրեն դրսևորում է ուժայինի դիրքերից: Այդ երկրում դեմոկրատիայի խաղիկը չի աճում, որովհետև երկրի կառուցվածքն է այդպիսին՝ ուժային, նվաճողական, և այլն:

Ռուսաստանի ախորժակը շատ մեծ է՝ պետք է կարողանանք մեր անկախությունը պահել, դրա վրա դողալ: Մենք պետություն ենք և հասել ենք պետական կազմավորման ամենաբարձր փուլին, բայց պետք է կարողանանք այդ ձեռքբերումը պահել, որ այս պարտվողականությունն ու անարժանապատիվ կեցվածքը վերանա, որովհետև սոցիալական և բարոյական վիճակն անմխիթար է: Մենք ամեն ինչ պետք է անենք՝ այս ժողովրդին վերադարձնելու իր արժանին, և «մենք» ասելով՝ նկատի ունեմ առաջին հերթին՝ մտավորականությանը, հետո նոր՝ իշխանություններին, էս կուսակցություններին և այլն: Ավելի սարսափելի բան, քան, երբ մտավորականը քծնում և շողոքորթի լեզվով է խոսում իր երկրի կամ այդ երկրի ղեկավարության մասին, չկա: Այդ մտավորականից թող ու փախի: Դա ոչ թե իր երկիրն է սիրում, այլ ինքն իրեն: Եթե դուք հիմա լավ բաների մասին եք ուզում լսել, ապա հրավիրեք այդպիսիքին, և նրանք ձեզ շատ բան կասեն…»:

Այնուամենայնիվ, որպես անցնող տարվա մշակութային կյանքի գլխավոր ձեռքբերում՝ գրականագետն առանձնացրեց Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցը, ինչպես նաև Մշակույթի նոր նախարարի նշանակումը:

«Ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդի Նոր տարին, ուզում եմ ամենաթանկ խոսքերն ասել մեր ժողովրդին ու սիրով ասել, որովհետև մեր ժողովուրդը դրան արժանի է: Մեր ժողովուրդն ապշելու չափ անհավատալի մի ներքին ուժ ունի՝ համբերող, տոկուն, պայքարող, բայց պահը երբ գալիս է՝ զինված խռովության պես կպայթի: Դրա համար այս ժողովրդի համբերության լարն այսքան պետք չի ձգել, երեսով դեպի ժողովուրդը նայեք, նախ՝ անհանգստանալ այս ժողովրդի համար, հետո՝ նրանից պահանջել, մինչդեռ այս ժողովուրդն առանց որևէ բան ստանալու, անհատույց՝ իր պետությանն է ծառայում, որովհետև սա է հայի կերպարի բացառիկ առանձնահատկությունը»,- հորդոր-մաղթանքով ամփոփեց իր խոսքը գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս