Բաժիններ՝

«Զարմանալի կլիներ, որ քաղաքական անկայունությունը, ցնցումները իրենց ազդեցությունը չթողնեին մեր տնտեսության վրա»

2016 թվականը բավական բարդ տարի էր` ներքաղաքական, ներտնտեսական, ինչպես նաև արտաքին քաղաքական և տնտեսական զարգացումների առումով: «Արմենպրես»-ի հետ զրույցում անցնող տարին նման կերպ բնութագրեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա դիտարկմամբ` տարածաշրջանում և ամբողջ աշխարհում տնտեսության աճի տեմպերը դանդաղում են:

Ըստ տնտեսագետի, համաշխարհային տնտեսության լոկոմոտիվներից մեկը` Չինաստանը, նույնպես տնտեսական աճի ավելի համեստ թվեր է արձանագրում, և դա խոսում է այն մասին, որ մոտավորապես նույնը պետք է լիներ Հայաստանի տնտեսության պարագայում:

«Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, տարվա տարբեր ժամանակահատվածներում Լարսի անցակետի հետ կապված խնդիրները, ապրիլյան դեպքերը, հուլիսյան իրադարձությունները շարունակական բացասական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսության վրա: Զարմանալի կլիներ, որ քաղաքական անկայունությունը, ցնցումները իրենց ազդեցությունը չթողնեին մեր տնտեսության վրա: Դրան հավելենք նաև, որ փոխվեց կառավարությունը:

Հեշտ անցումներ չեն լինում` ցանկացած նոր կառավարություն ունի նոր աշխատաոճ, ծրագիր, մոտեցումներ, և անպայման ինչ-որ բան կանգ է առնում, և սկսվում է նորը»,- ասաց Թաթուլ Մանասերյանը` հավելելով, թե այս ամենն ի մի բերելով՝ կտեսնենք, որ Հայաստանում առաջին 11 ամիսներին արձանագրված 0,6 տոկոս տնտեսական աճը, համեմատած հետխորհրդային մնացած բոլոր երկրների հետ, այդքան էլ վատ ցուցանիշ չէ, Թերևս դա այն չէ, ինչ մենք ակնկալում էինք, բայց անկում չէ:

Նա նաև նկատեց, որ հետխորհրդային երկրներում, բացի Հայաստանից, գրանցվեցին ոչ միայն տնտեսական անկման միտումներ, այլ նաև արժույթների գերարժեզրկում երկնիշ, անգամ եռանիշ թվերով:

Այս պայմաններում հայկական դրամը կարողացավ պահպանել իր դիրքերը շնորհիվ ՀՀ ԿԲ-ի ճիշտ դրամավարկային քաղաքականության: Այսինքն՝  այն տնտեսական սպառնալիքները, որոնք տնտեսական անվտանգության տեսանկյունից Հայաստանի համար կարևոր են` կարողանում են պահպանել հարաբերական կայունություն, ինչն անհրաժեշտ է հետագայում զարգացման համար: Տնտեսագետը հատկանշական համարեց այն փաստը, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներից միակն է, որի արտահանման ծավալներն ավելացել են: ՌԴ-ում կրկնապատկվել են Հայաստանի արտահանման ծավալները՝ չնայած ռուբլու գնողունակության անկմանը:

«Ես լավատես եմ: Կարծում եմ, որ բազմաթիվ խնդիրներ ունենք այսօր, որոնք արմատական լուծումներ են պահանջում, բայց, այնուամենայնիվ, կան բավարար ռեսուրսներ, և եթե մարդկային գործոնը ճիշտ օգտագործվի, հնարավոր կլինի ճեղքում մտցնել 25 տարիների ընթացքում կուտակված այս իրավիճակի մեջ և իրականացնել ավելի նպատակային տնտեսական քաղաքականություն»,- ասաց Թաթուլ Մանասերյանն` ընդգծելով, որ ճիշտ քաղաքականության արդյունքում հաջորդ տարի ոչ միայն անկում չենք ունենա, այլև կարձանագրենք տնտեսական զարգացում, որը հետագայում կարող է ավելի մեծ թափ ստանալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս