Ե՞րբ և ինչպե՞ս ստեղծվեցին տոնածառի խաղալիքները. ի՞նչ նշանակություն ունեն դրանք
Նոր տարվան մնացել են հաշված օրեր, իսկ դա նշանակում է, որ շուտով կգա Ամանորյա եղևնին զարդարելու ժամանակը: Առաջին իրերն Ամանորի հետ կապված, որ հայտնվում են խանութներում, տոնածառի խաղալիքներն են` բազմագույն ու բազմաձև, թանկարժեք ու ձեռագործ:
Ե՞րբ և ինչպե՞ս ստեղծվեցին տոնածառի խաղալիքներն ու իրականում ի՞նչ գաղտնի նշանակություններ ունեն դրանք:
Ամեն ինչ սկսվեց մոտ 4 դար առաջ, երբ Եվրոպայում մարդիկ Սուրբ Ծննդյան տոնի խորհրդանիշ ընտրեցին եղևնին, որը համարվում էր դրախտի կյանքի ծառը: Այդ ժամանակաշրջանում եղևնու զարդարման ամբողջ գաղափարախոսությունը կրոնական էր:
Նույն սկզբունքը շարունակելով` Եվրոպայում Ամանորին ընդառաջ եղևնիները զարդարում էին մրգերով, ընդեղենով, քաղցրավենիքով, թխվածքաբլիթներով և անգամ բանջարեղենով:
Տոնական եղևնին ուներ հարդարման հատուկ ձև. գագաթին Բեթղեհեմյան աստղն էր, մի փոքր ներքև կախում էին խնձորները` որպես արգելված պտղի սիմվոլ, ծայրերին մոմերն էին` Քրիստոսի զոհաբերությունը խորհրդանշող, իսկ ներքևի ճյուղերին կախում էին քաղցրավենիքն ու ընդեղենը` որպես ծիսակարգի հաղորդության խորհրդանիշ:
Առաջին երկիրը, որ ուտելի եղևնու խաղալիքները վերափոխեց ապակե մեզ ծանոթ խաղալիքների, Գերմանիան էր: 1848 թվականից սկսած Գերմանիայի Լաուշ քաղաքում բացվեցին տոնածառի խաղալիքների գործարաններ:
Ամանորյա խաղալիքների արտադրության պատմությունն ընթանում էր որոշակի հաջորդականությամբ:
Սկզբում արտադրում էին ապակե գնդակներ, որոնք պատում էին ցինկով կամ սնդիկով, այնուհետև մեղրամոմով նկարազարդում էին: Որոշ խաղալիքներ էլ արտադրում էին գունավոր ապակուց, որոնք վերջում պատում էին թափանցիկ լաքով:
Ավելի ուշ հայտնվեցին ամանորյա խաղալիքների ավելի կոպիտ և ծանր ձևերը: Այս խաղալիքներն էլ պատրաստվում էին մրգերի և կենդանիների կաղապարներով:
1882 թվականին ամերիկացի գյուտարար Էդուարդ Ջոնսոնը տոնական եղևնին զարդարելու ևս մեկ իր ստեղծեց: Իսկ այդ իրը մեզ ծանոթ էլեկտրական շղթան էր: Առաջին տոնածառի լույսերը բավականին թանկ էին և ոչ պրակտիկ: Հաճախ շատ տաքանալուց հետո նրանք հրդեհի պատճառ էին դառնում:
Սակայն 20-րդ դարում տոնածառի խաղալիքների և լույսերի արտադրության նոր հումք և նոր մեթոդներ առաջ եկան, որոնք տարածվեցին Եվրոպայով մեկ ու հասան նաև Ռուսաստան:
Տոնածառի խաղալիքները պատմության լավագույն վկաներն են: Ամեն ժամանակաշրջան ունի իրեն բնորոշ թեմատիկ խաղալիքները: 20-րդ դարի սկզբում ԽՍՀՄ-ում եղևնին դարձավ ոչ թե Սուրբ Ծննդյան, այլ Ամանորի խորհրդանիշ: Հետևաբար, տոնածառի խաղալիքների թեմատիկան նույնպես փոխվեց, և սկսեցին արտադրվել սոցիալիստական գաղափարախոսությունը քարոզող խաղալիքներ:
Բեթղեհեմյան աստղի փոխարեն՝ եղևնու գագաթին կարմիր աստղն էր: Խաղալիքներից շատերը մուրճի ու մանգաղի տեսք ունեին:
Սովետական Միության ամեն իրադարձություն արտացոլվում էր ամենափոքր դետալների մեջ, և տոնածառի խաղալիքներն էլ բացառություն չէին: Այսպիսով, սկսեցին արտադրել տիեզերագնացի, զինվորի, հրթիռների տեսքով խաղալիքներ, որոնց գունապնակում գերակշռում էր կարմիր գույնը: Այս շարքին ավելացան մարզիկների, ռուսական հեքիաթների հերոսների, բանջարեղենների տեսքով խաղալիքները:
Տոնածառի խաղալիքների պատմության ընթացքը 90-ականներին կտրուկ փոխվեց: Սովետական Միության փլուզումից հետո խաղալիքների շուկա մտան չինական արտադրության խաղալիքները, որոնք գաղափարական ոչ մի առանձնահատկություն չունեին, միատիպ էին, համեմատաբար մատչելի և չկոտրվող:
Իսկ հիմա պատկերն այլ է:
Ամեն տարի Ամանորի շեմին հայտնի նորաձևության տները ներկայացնում են տվյալ տարվա տոնածառի հարդարման տրենդները: Ո՞ր գունային երանգների և ի՞նչ չափի խաղալիքների համադրումը գեղեցիկ և օրիգինալ կստացվի: Հետևել տրենդների՞ն, թե՞ զարդարել սրտի թելադրանքով:
Մեզ հետ զրույցում «SonSation» (ՍոնՍեյշն) ձեռագործ աքսեսուարների խանութի դիզայներ Սոնան նշեց, որ ամանորյա խաղալիքներ պատրաստելիս առանձնապես տրենդներին չի հետևում: Նրա համար ոգեշնչման աղբյուր կարող են դառնալ նյութերը, օրինակ` փայտի տեքստուրան, անձեռոցիկները, մրգերը, որոնք համադրելու արդյունքում էլ ստեղծվում է խաղալիքի օրինակը:
Սոնայի խոսքով՝ 2016 թվականի` հրեղեն աքաղաղի նշանն այդքան էլ կապ չունի խաղալիքների դիզայնի մեջ: Նրանք ունեն ընդամենը մեկ տեսակի փայտե աքաղաղ, որի գնային սանդղակը հատում է 1500 դրամը: Սոնան նաև նշեց, որ ձեռագործ խաղալիքները համեմատաբար մատչելի են (մոտ 500-2500 դրամ): Իհարկե, գներն էլ կախված են նյութերից, պատրաստման բարդությունից, նաև քանակից, թե այդ խաղալիքից քանի օրինակ է պատրաստվում:
Իսկ այն հարցին, թե ինչպես է պետք հարդարել եղևնին, Սոնան պատասխանեց, որ ամեն մարդ իր բնավորության, տան ինտերիերին ու նախասիրություններին համապատասխան պետք է ընտրի խաղալիքները, ոչ թե հետևի ընդունված ստանդարտներին: Այլապես՝ վերջում գրեթե բոլոր տներում կհանդիպենք նույն ոճն ու խաղալիքները:
Մարիամ Սարգսյան