2016 տնտեսական տարին. Ամենակարևոր ցուցանիշների մասին
Լրատվամիջոցներն այս օրերին սովորաբար ամփոփում են տարին և կազմում երկրի գլխավոր իրադարձությունների հիթ-շքերթ։ Կոնկրետ տնտեսական իրադարձությունների առումով անցնող տարին բավականին հարուստ էր` Հարկային օրենսգրքի ընդունում, կառավարության փոփոխություն և այլն։ Ի՞նչ կտան այս փոփոխությունները, ի՞նչ կշահի երկրի տնտեսությունը, եթե խոստացված բարեփոխումներն իրականացվեն, այս մասին կկարողանանք խոսել 1 տարի անց։
Իսկ այսօր կարելի է ընդամենը հետհայացք գցել ու ամփոփել տնտեսական տարին` հիմնական փաստացի ցուցանիշներով (ըստ պաշտոնական վիճակագրության)։
Հանուն արդարության նշենք, որ դեռևս հնարավոր չէ լիարժեք ասել, թե տնտեսական ինչ պատկեր ունենք 2016 թվականի համար, քանի որ դեկտեմբեր ամիսը դեռ չի ամփոփվել։ Որոշ ցուցանիշների դեպքում չունենք նաև նոյեմբերի տվյալները (կամ` դրանք ամբողջական չեն)։
2016 տնտեսական տարվա մասին լիարժեք հնարավոր կլինի խոսել հաջորդ տարվա փետրվարից ոչ շուտ, երբ հրապարակված կլինեն մակրոտնտեսական կարևորագույն ցուցանիշները։ Փոխարենը, մենք կամփոփենք այս պահի դրությամբ հրապարակված ամենաթարմ ցուցանիշները։ Դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2016 թվականի հունվար-նոյեմբերի նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական տվյալները։ Ըստ այդ հրապարակման` ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-նոյեմբերին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կազմել է 100.6։
Այսինքն, տնտեսական ակտիվությունը տարվա 11 ամիսների կտրվածքով աճել է 0.6%-ով։ Ինչ խոսք, սա այն ցուցանիշը չէ, որն ակնկալվում էր նախորդ տարվա վերջին կամ այս տարվա սկզբին։ Սակայն մի լուսավոր կետ, ամեն դեպքում, կա. հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության աճն ավելի թույլ էր` ընդամենը 0.4%։ Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է (մանավանդ` տվյալների բացակայության պարագայում), սակայն կարելի է ենթադրել, որ 2016-ի տարվա արդյունքներով ՏԱՑ-ը կտատանվի 0.5-1% միջակայքում։
Ինչ վերաբերում է ՀՆԱ-ի իրական աճին (կամ, ինչպես ասում են, տնտեսական աճին), ապա այստեղ տվյալներն ավելի հին են։ 2011 թվականից սկսած` պաշտոնական վիճակագրությունը ՀՆԱ հաշվարկը հրապարակում է եռամսյակը մեկ, և ամենաթարմ տվյալները վերաբերում են այս տարվա երրորդ եռամսյակին։ 2016-ի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն իրական նվազում է ունեցել 2.6%-ի չափով (նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ)։
Դատելով հոկտեմբեր ամսվա անկումային ցուցանիշներից` չի բացառվում, որ չորրորդ եռամսյակը նույնպես բացասական նշանով լինի։ ՀՆԱ իրական աճը 2016-ի համար կանխատեսված էր 2.1%, սակայն ակնհայտ է, որ չենք ունենալու նման ցուցանիշ։ Գների ցուցանիշներն ամենաօպերատիվ հրապարակվողներից են։ 12 ամսվա կտրվածքով (2016 թվականի նոյեմբերը` 2015-ի նոյեմբերի համեմատ), սպառողական գները նվազել են 0.4%-ով։ Սա մի կողմից` լավ է (սպառողների տեսանկյունից), մյուս կողմից` գնանկումը վկայում է տնտեսության ոչ այնքան առողջ վիճակի մասին։
Միջին ամսական անվանական աշխատավարձը 2016-ի նոյեմբերին կազմել է 181375 դրամ, որը 2015-ի նոյեմբերի ցուցանիշից բարձր է 0.7%-ով։ Սակայն պետական և մասնավոր հատվածներում աշխատավարձը տարբեր ձևով է փոխվել. մասնավոր հատվածում այն աճել է 2%-ով և կազմել 213267 դրամ, իսկ պետական հատվածում նվազել է 2%-ով և հասել 155934 դրամի։
Տնտեսության ոլորտներից հունվար-նոյեմբերին ամենաբարձր աճի տեմպն ունեցել է ծառայությունների ոլորտը` 7.8%։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.8%-ով (աճի որակի մասին դեռ չենք խոսում)։
Շինարարությունը շարունակում է անկումն արդեն 8-րդ տարին։ Շինարարության ծավալը 10.9%-անոց անկում է գրանցել նախորդ տարվա առաջին 11 ամիսների համեմատ։
Տարին անկումով է փակում նաև գյուղատնտեսությունը։ Գյուղոլորտի արտադրանքը հունվար-նոյեմբերին կազմել է 836.1 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 6.1%-ով։
Արտաքին առևտրի տվյալները նույնպես թարմ եմ։ Այս տարվա հունվար-նոյեմբերին ՀՀ-ից արտահանումն աճել է 21.2 տոկոսով և կազմել 1 մլրդ 621.7 մլն դոլար։ Արտահանման աճն ապահովվել է հիմնականում կոնյակի և լոլիկի հաշվին։ Ներմուծումն աճել է 2 %-ով, ծավալը` 2 մլրդ 954.6 մլն ԱՄՆ դոլար։
Տարվա սկզբին` 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ՀՀ ներքին պարտքը կազմել է 368.4 մլրդ դրամ, իսկ նոյեմբերի 30-ին` 528.8 մլրդ դրամ։ ՀՀ ներքին պարտքը 2016 թվականի 11 ամիսների ընթացքում ավելացել է 160.4 մլրդ դրամով կամ 43.5%-ով։ Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում արտաքին պարտքն աճել է 70.1 մլրդ դրամով կամ 3.3%-ով։
Պետական պարտքը տարվա ընթացքում շարունակել է աճել։ Նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 2 տրիլիոն 686.8 մլրդ դրամ կամ 5 մլրդ 596.3 մլն դոլար։
Տարվա սկզբի համեմատ այն ավելացել է 518.6 մլն դոլարով։ Ընդ որում, մինչ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է արտաքին պարտքի վրա, պարտքային բեռի հիմնական «մեղավորը» ներքին պարտքն է։ 2016 թվականի 11 ամիսների ընթացքում ներքին պարտքն ավելացել է 160.4 մլրդ դրամով կամ 43.5%-ով։ Իսկ սա զարմանալի չէ, որովհետև պետական բյուջեի հավաքագրման հետ կապված խնդիրներ կային, և ըստ կանխատեսումների` 2016 թվականին պետբյուջեն նախատեսվածից մոտ 60 մլրդ դրամով քիչ հարկեր կհավաքի։ Իսկ այդ բացը լրացվում է պարտքով։
Արտերկրից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները 2016-ի ընթացքում շարունակել են կրճատվել։ Ամենաթարմ տվյալները, որ ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է, վերաբերում են հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածին։
Այսպես, 2016 թվականի հունվար-հոկտեմբերին ֆիզիկական անձանց բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 1 մլրդ 336.1 մլն ԱՄՆ դոլար։
Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ տրանսֆերտների ներհոսքը կրճատվել է 138.4 մլն դոլարով կամ 10.4%-ով։ Եթե անկման տեմպը նոյեմբեր-դեկտեմբերին պահպանվի, ապա 2016 թվականի տարեկան արդյունքներով փոխանցումների ներհոսքը կկազմի 1 մլրդ 460 մլն դոլար, որն ավելի քիչ է, քան 2009 ճգնաժամային տարում։ Իսկ հակառակ ուղղությամբ` Հայաստանից արտերկիր ուղարկվող գումարներն աճել են 7.2%-ով և կազմել 641.1 մլն դոլար։
Օտարերկրյա ներդրումների առումով պատկերն ավելի մտահոգիչ է։ Այստեղ ամենաթարմ տվյալները 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար են։ ԱՎԾ տվյալներով, 2016 թվականի հունվար սեպտեմբերի ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումները նվազել են 72%-ով (69.6 մլրդ դրամով) և կազմել մոտ 30 մլրդ դրամ։ Այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը նվազել է 44.6%-ով (մոտ 35.8 մլրդ դրամով) և հասել 44.4 մլրդ դրամի։
Մեկ այլ կարևոր ցուցանիշ է աղքատության մակարդակը, չնայած այն ուշ է հրապարակվում։
Այս տարվա նոյեմբերին հրապարակվեց 2015 թվականի աղքատության ցուցանիշը։ Ըստ պաշտոնական վիճակագրության` 2014 թվականի համեմատ աղքատության մակարդակը Հայաստանում նվազել էր 0.2 տոկոսային կետով և կազմել 29.8%։ Սա նշանակում է, որ երկրի տասը բնակչից մոտ երեքն ամսական 41698 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել։ 2016 թվականի աղքատության մակարդակի մասին կիմանանք 2017 թվականի հոկտեմբերին կամ նոյեմբերին։
Կան նաև այլ ցուցանիշներ, սակայն այսքանն էլ բավարար է` անցնող տարվա տնտեսական իրավիճակի մասին պատկերացում կազմելու համար։ Իսկ այդ պատկերը, ինչպես տեսնում եք, տխուր է` անգամ պաշտոնական վիճակագրության թվերով։
Պատճառների մասին ամբողջ տարվա ընթացքում գրվել և խոսվել է. նավթի գների անկում, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շարունակություն, տնտեսական վիճակի վատթարացում, և այլն։ Ավելի շատ մտահոգում է այն, որ 2017-ը նույնպես հեշտ տարի չի լինելու, որովհետև Հայաստանի տնտեսության վրա ազդող բացասական արտաքին գործոնները չեն վերանալու։