Բաժիններ՝

««Հանձնվել». սա մի բառ է, որ չկա Հենրիխի բառապաշարում». AS-ն անդրադարձել է Մխիթարյանի կյանքին և կարիերային

Իսպանական AS պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի»  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կյանքին և կարիերային:

«Հենրիխ Մխիթարյանի հետագիծը Հայաստանի փոքրիկ քաղաքից մինչև «Օլդ Թրաֆորդ»   սովորական պատմություն չէ: Վաղ տարիքում հոր ողբերգական կորստից մինչև պատանեկան արկածները Բրազիլիայում, AS-ը բացահայտում է պատմությունը:

Չհանձնվել

Մխիթարյանի գործերը մանչեսթերյան ակումբում սկսում են լավ ընթանալ, և նախորդ ամիսը լավագույնն էր նրա համար: Աշխատասիրություն, համառություն և հավատ. սրանք բաներ են, որ առկա են Հենրիխի ԴՆԹ-ում: «Հանձնվել». սա մի բառ է, որ չկա Հենրիխի բառապաշարում:  Սրանք հատկություններ են, որ Հենրիխը ստացել է իր հորից՝ Համլետից:

Կարդացեք նաև

Ողբերգական կորուստ

1995 թվականին Համլետ Մխիթարյանի մոտ ախտորոշվում է ուղեղի քաղցկեղ: Երկար պայքարից հետո հիվանդությունը հաղթում է, և Համլետը մահանում է շատ երիտասարդ՝ 33 տարեկան հասակում:

Երիտասարդ Հենրիխի համար, ով միշտ ամեն ինչ անում էր հոր հետ մարզվելու և հոր կողքին լինելու համար, ֆուտբոլը մի ճանապարհ էր, որի միջոցով ևս նա հետևում էր հորը:

Փոքր տարիքից Հենրիխը նախընտրում էր խաղալ, կարդալ և սովորել: Նա դուրս չէր գալիս տանից, քանի որ ուներ նպատակ՝ լինել ինտելեկտուալ թե՛ որպես մարդ, թե՛ որպես ֆուտբոլիստ:

Բրազիլական արկածներ

Փոքր-փոքր քայլերով Հենրիխը սկսում էր կատարելագործվել ֆուտբոլում: 14 տարեկանում նա գնաց Բրազիլիա՝ մարզվելու «Սան Պաուլո» ակումբում: Այնտեղ են մարզվել նաև Էրնանեսը, Օսկարը, Լուկաս Մոուրան:

Բրազիլիայում նա սովորեց հրաշալի խոսել պորտուգալերեն և մտածել բրազիլացի ֆուտբոլիստի նման:

17 տարեկանում նա վերադարձավ «Փյունիկ»: Այստեղ արդեն երևում էր, որ նա ունի բոլոր ֆուտբոլային հատկանիշները, որ ուներ իր հայրը:

2009-ին սկսեցին ակտիվ խոսակցություններ տարածվել այն մասին, որ Հենրիխի ծառայություններով հետաքրքրվում են արտասահմանից: Այդ ժամանակ Հենրիխն արդեն հայտնի էր՝ որպես տաղանդավոր ֆուտբոլիստ, և արդեն ստացել էր իր առաջին «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ»  կոչումը:

Խոսակցություններ կային, որ Հենրիխին ցանկանում  են գնել «Լոկոմոտիվը», «Դինամո Կիևը» և անգամ «Բոկո Խունիորսը»:

Դոնեցկը կանչում է

Մխիթարյանն ընտրեց Ուկրաինան և սկսեց խաղալ Դոնեցկի «Մետալուրգում»: Այստեղ նա դարձավ թիմի առաջատարներից մեկը:

Այդ ընթացքում Մխիթարյանը հրաշալի էր խաղում Հայաստանի ազգային հավաքականում: Շուտով Զինեդին Զիդանի և Կակայի ոճով խաղացող ֆուտբոլիստը տեղափոխվեց «Շախտյոր»: Այստեղ նա դարձավ ֆուտբոլիստ, որ կոտրում է ռեկորդները, ճանաչվեց 09/10 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը և մեծացրեց իր նկատմամբ հետաքրքրությունը:

Բունդեսլիգայի՝ տարվա ֆուտբոլիստ

Ուկրաինայում արդեն սիրված ֆուտբոլիստի անունը 2013-ին պտտվում էր ամբողջ Եվրոպայում: Հաշվի չառնելով ֆինանսական բոլոր խնդիրները՝ Դոտմունդի «Բորուսիան» կարողացավ գնել Հենրիխին:

Մխիթարյանի համար դժվար ժամանակներ էին: Նրա անցկացրած առաջին մրցաշրջանը հրաշալի էր, երկրորդը՝ շատ խամրած և անգույն:

Սակայն եկավ երիտասարդ մասնագետ Թոմաս Տուխելը և ասաց Մխիթարյանին, որ կդարձնի նրան աստղ: Տուխելը պահեց իր խոստումը: Համատեղ աշխատանքի ջանքերով Մխիթարյանը դարձավ անփոխարինելի ֆուտբոլիստ դորտմունդյան ակումբի համար: Մեկը, ում դորտմունդցիները չէին ցանկանում բաց թողնել ոչ մի կերպ:

Երազանքի իրականացումը

«Սա կատակ չէ՞, սա լո՞ւրջ է»,- հարցրեց Մխիթարյանը, երբ իր գործակալ Մինո Ռայոլան ասաց, որ «Մանչեսթեր Յունայթեդը»  ցանկանում է գնել իրեն:

Հիմա Մխիթարյանը «Երազանքների թատրոնում» է:

«Կարծում եմ՝ հայրս կհպարտանար ինձով»,- ասում է Մխիթարյանը՝ համարելով «Օլդ Թրաֆորդի» խոտածածկը ոչ թե դաշտ, այլ բեմ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս