«Ինձ համար բառապաշարն անհասկանալի է` կաշառքից հարկվի». Սուքիաս Ավետիսյան

«Ոչ թե բժիշկների մաղարիչների մասին է դա լինելու, այլ լինելու է հստակ մեխանիզմ, այսինքն` եթե հիվանդն ուզում է ինչ-որ մեկին լավություն անել, ուրեմն այդ լավությունը պետք է լինի օրինական, պետք է այդ հիվանդը կամ հիվանդատերը մուծում անի տվյալ բժշկական հաստատությունում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սուքիաս Ավետիսյանը` մեկնաբանելով բժիշկներին շնորհակալություն հայտնելու՝ «մաղարիչի» երևույթն օրինականացնելու մասին առողջապահության նախարարի առաջ քաշած գաղափարը:

Դիտարկմանը, որ հիվանդները, այսպես թե այնպես, մուծում են բուժհաստատություններում, Ս.Ավետիսյանը նշեց, որ հանդիպում են դեպքեր, երբ պետպատվերի շրջանակներում են բուժվում, բայց ուզում են հիվանդանոցին կամ բժշկին մաղարիչ անել. «Այս պարագայում, մենք կարծում ենք, որ ճիշտ է, որ ցանկության դեպքում հնարավորություն ընձեռվի կամավոր մուծել հիվանդանոցին, և դրանից տվյալ բժշկին հիվանդանոցի սահմանված կարգով գումար գա»:

«Ինձ համար բառապաշարն անհասկանալի է` կաշառքից հարկվի: Կաշառքն ինքնին քրեական տարր է արդեն, իր մեջ պարունակում է հոդված»,- նկատեց պատգամավորը:

Այն իրողության վերաբերյալ, որ, եթե հիվանդն անմիջապես բժշկին է մաղարիչն անում, նա ավելի ուշադիր ու բարեհաճ է լինում, քան, եթե ընդհանուր մուծում ու մասհանում է արվում, Ս.Ավետիսյանը նշեց, որ անձամբ ինքը տարբեր հիվանդանոցներում տարբեր առիթներով լինում է, և այսօր շատ է փոխվել այդ ամենը.

Կարդացեք նաև

«Այն բուժհաստատություններում, որտեղ ճիշտ է այդ հարաբերակցությունը որոշվում, թե ընդհանուր դրամարկղից ինչքան է գնում բժշկին, արդեն որևէ բժիշկ կամ բուժաշխատող չի մտածում, որ իրեն պետք է կաշառք կամ մաղարիչ տան: Այս մեխանիզմները կան և կատարելագործվում են: Առողջապահության նախարարությունը նոր ռազմավարություն է ուզում ունենալ, որ, ինչպես ծննդօգնության հետ կապված՝ մարդը որտեղ ուզում է, գնում է, այնպես էլ հիվանդները գնան իրենց ուզած, ավելի որակյալ հիվանդանոցը, որոնք էլ պետությունից ավելի շատ ֆինանսավորում կստանան: Արդյունքում՝ հիվանդանոցների միջև կլինի մրցակցություն, և հիվանդն ինքն է ստեղծում այդ մրցակցությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս