ԱԺ-ում Թևան Պողոսյանին «գործ տվող» անվանեցին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քվեարկություններից առաջ պատգամավոր Թևան Պողոսյանը հորդորեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին գրանցման պատկերը վերականգնել. «Ինձ թվում է՝ մարդիկ կան, որոնք այստեղ ներկա չլինելով գրանցված են՝ կանաչ կոճակն է վառված»։ Գ. Սահակյանն էլ պատասխանեց, թե սովորաբար քվեարկություններից հետո է պատկերը վերականգնվում։
Մի քանի քվեարկություն հետո Թևան Պողոսյան կրկին հորդորեց գրանցման պատկերը վերանայել՝ պնդելով, որ իր նշած տեղում մարդ չկա նստած, բայց կանաչ լույս է վառվում։
Պատգամավորներից մեկը տեղից բացականչեց՝ «փաստորեն գործ տվող կաշխատես», որին Թ. Պողոսյանն այսպես արձագանքեց. «Եթե հանուն իմ ազգի, ազնվության ու օրենքի կարելի է գործ տվող համարվել, թող տենց էլ լինի։ Պատկերը հետ վերադարձնենք, նոր քվեարկենք»։
Գ. Սահակյանն էլ այսպես պատասխանեց. «Էդ մի «կողմ»-ը հանենք՝ ուրեմն, չնայած մարդը նստած է իր տեղում»։