
«Մի երկու մոլորված դեմքեր գնացել-հանձնվել են haqqin.az-ին, բայց սա չի նշանակում, որ այդպիսի մոլորված դեմքեր հիմա մեր Կառավարությունում չկան». Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսին անդրադարձավ նաև հարցին, թե ինչպիսի՞ ներքին և արտաքին ռիսկեր կարող են առաջանալ ինտերնետային տիրույթում ընտրություններին նախորդող ժամանակահատվածում:
«Ռիսկերը գնահատելու տեսանկյունից 100 տոկոսով կարելի է ասել, որ ստեղծվելու են կեղծ տեղեկատվություն տարածող կայքեր՝ «քվազի» լրատվամիջոցներ, զուտ քարոզչական նյութեր տարածելու՝ գովաբանելու կամ կեղտոտելու համար: Սրանից խուսափելու միայն մեկ տարբերակ կա՝ միշտ ունենալ այն լրատվամիջոցների ցանկը, որին վստահում եք, իսկ մնացածին գցել սև ցուցակ, կամ, առնվազն, գոնե մոխրագույն ցուցակ: Երկրորդ մեծ վտանգը լինելու են մեծ քանակությամբ ֆեյքերը: Այս տարվա հուլիս-օգոստոս ամիսները ցույց տվեցին, որ Հայաստանում դրանք շատ լավ են աշխատում: Զանգվածային կեղծ օգտատերերի միջոցով մարդկանց վրա հարձակումները ցույց էին տալիս, որ օգտատերերի 10-ից 5-6-ը պարզապես դադարում էին գրել՝ ուղղակիորեն խուսափելով հոգեբանական ճնշումներից: Սա գործիք է, որը նախընտրական շրջանում միանշանակ կիրառվելու է: Ենթադրում եմ, որ կլինեն նաև կիբերհարձակումներ, մանավանդ, որ սրա փորձը կա: 2013-14 թվականներին ներքին դաշտում եղել են նմանօրինակ մի քանի պատվիրված կիբերհարձակումներ, որոնք, որպես կանոն, իրականացվում են հիմնականում ռուս կամ ուկրաինացի վարձկանների միջոցով, և դրանք այն դեպքերն են, որոնց, այսպես ասած, պոչը հնարավոր չէ գտնել, այլ միայն կռահել՝ կախված նրանից, թե ո՞ւմ է դա ձեռնտու»:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ վտանգներ և ռիսկեր կարող են պարունակել Հայաստանից Ադրբեջան տեղափոխված և haqqin.az-ի շարքերը համալրած «լրագրողներ» Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի արարքները, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կեսկատակ-կեսլուրջ պատասխանում է.
«Նախ՝ սկսենք նրանից, որ ես նրանց հայ լրագրողներ չէի անվանի: Ժամանակին ես էլ էի ներկայանում՝ որպես լրագրող, բայց արդեն վաղուց այդպես չեմ անում, չնայած, եթե միտք ունենամ՝ գնամ հանձնվելու, այդպես կներկայանամ: Այստեղ ռիսկերը սահմանափակվում են զուտ նրանով, որ ադրբեջանական կողմն իր քարոզչամեքենայում օգտագործում է հայի անունը:
Սա, իհարկե, բավականին լուրջ գործիք է, հատկապես, երբ, ցավոք, մեկը չէ, երկուսն են, ովքեր փաստացի աշխատում են այդ լրատվամիջոցում: Պետք է ասեմ, որ այդ լրատվամիջոցը բավականին հաջողակ է այն առումով, որ նրան հաջողվում է հայաստանյան դաշտ մտնել: Իմ կարծիքով՝ գոնե այս պատմական ժամանակաշրջանում պետք է դադարել հարցազրույցներ տալ ադրբեջանական մամուլին, որովհետև արդեն իսկ փաստ է, որ նրանք դա անում են ոչ թե՝ լրագրողական սկզբունքներից ելնելով և բազմազան աղբյուրներ ներկայացնելու մտադրությամբ, այլ միանշանակ՝ քարոզչական նպատակների համար: Հիմա մի երկու մոլորված դեմքեր գնացել-հանձնվել են haqqin.az-ին, բայց սա չի նշանակում, որ այդպիսի մոլորված դեմքեր հիմա մեր Կառավարությունում չկան»: