«Եթե հանրությունը նրանց չի սատարում ընտրություններում, ուրեմն այդ գաղափարների գեներատորների գաղափարները լավը չեն». Նաիրա Զոհրաբյան

«Շատ կարևոր է, որ գնացիք կուսակցությունների լուծարման, պարզեցման ճանապարհով»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Կուսակցությունների մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ կուսակցություններ այսօր միայն թղթի վրա կան. «Իրենք էլ ցանկանում են լուծարվել, բայց տեխնիկապես դա հնարավոր չէ։  Վստահ եմ, որ օրենքն ընդունելուց հետո մենք ունենալու ենք կուսակցական բավականին պարզեցված դաշտ, և մնալու են այն կուսակցությունները, որոնք ունակ են քաղաքական գործունեություն ծավալել»։

Նա ողջունեց այն նախաձեռնությունը, որ, եթե կուսակցությունը 10 տարի որևէ համապետական քաղաքական միջոցառման չի մասնակցում, պետք է լուծարվի. «Ասել, որ կուսակցությունը կարող է ընտրությունների չմասնակցի, բայց այնտեղ կան մեկ-երկու հոգի, ովքեր գաղափարների գեներատոր են, եթե այդ գաղափարների գեներատորների հետևից որևէ մարդ չի գնում, եթե հանրությունը նրանց չի սատարում ընտրություններում, ուրեմն այդ գաղափարների գեներատորների գաղափարները լավը չեն։ Շատ կարևոր է, որ մեր կուսակցական դաշտը վերջապես հստակեցվի»։

Տեսանյութեր

Լրահոս