Բաժիններ՝

«Ադրբեջանը լուրջ ներդրումներ է կատարել ռազմական ոլորտում՝ գնելով իսրայելական տեխնիկա, որը բավականին մտահոգիչ է մեզ համար». Սամվել Մարտիրոսյան

Տարեվերջյան աուլիսների շարքից այսօր տեղի ունեցավ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հանդիպումը լրագրողների հետ, որի ընթացքում բանախոսն ընդգրկուն անդրադարձ կատարեց անցնող՝ 2016 թվականին ոլորտում արձանագրված միտումներին, առկա հիմնախնդիրներին, ինչպես նաև 2017 թվականի սպասելիքներին և անելիքներին:

Բանախոսն ընդգծեց, որ 2016 թվականն այս առումով մտահոգիչ էր: Ելնելով ներքին և արտաքին գործընթացների կարևորություններից, ինչպես նաև հասարակական հնչեղություն ստացած պրոցեսներից, անխուսափելի անհրաժեշտություն առաջացավ կարևորելու տեղեկատվական անվտանգության խնդիրներն ու ոլորտն առհասարակ: Այս առումով Սամվել Մարտիրոսյանն ասուլիսը մեկնարկեց անցնող տարվա ապրիլյան դեպքերի անդրադարձով.

«Անկասկած, նախևառաջ, պետք է առանձնացնել անցնող տարվա ապրիլ ամիսը, որովհետև հայ-ադրբեջանական հակամարտությունը ցույց տվեց, որ տեղեկատվական անվտանգությունն ունի շատ կոնկրետ ազդեցություն՝ նաև ռազմական ոլորտի համար: Չէի ցանկանա խորանալ զուտ ռազմական թեմաների շուրջ, ինչպիսին են՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, հակահրթիռային անվտանգության կամ անօդաչու թռչող սարքերի՝ դրոնների կիրառման դեպքերն ու դրանց դեմ պայքարի մեթոդները, որովհետև սա սպեցիֆիկ ռազմական ոլորտ է, սակայն փաստ է, որ այս ոլորտում ևս շատ լուրջ մրցավազք է սկսվել:

Ադրբեջանը փաստացի լուրջ ներդրումներ է կատարել հենց ռազմական ոլորտում՝ գնելով, օրինակ, իսրայելական տեխնիկա, որը բավականին մտահոգիչ ազդեցություններ կարող է ունենալ մեզ համար:

Իհարկե, նույն պրոցեսը մենք տեսնում ենք հայաստանյան իրականության մեջ. սպառազինությունների գնման մարտավարություններում մենք նույնպես փոփոխությունների գնացինք, և, եթե նայենք, թե ի՞նչ է հիմա գնվում Ռուսաստանից, ապա կտեսնենք, որ այդ ոլորտի հետ կապված նկատելի ձեռքբերումներ ունենք: Այս ոլորտի մյուս ձեռքբերումը, որ պետք է առանձնացնեմ, հետևյալն է. տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված կազմակերպություններն այս տարի փաստացի ներգրավվեցին ռազմական ոլորտին օգնելու գործողություններում:

Ապրիլից հետո հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից մի շարք խմբեր ձևավորվեցին, որոնք աշխատում են կոնկրետ ուղղություններով, որոնցից մեկը, ասենք, դրոնների դեմ պայքարն է կամ կիբեռզենքերի մշակումը, և այլն: Սա սպեցիֆիկ ոլորտ է, որը դեռ զարգացման փուլում է, և չենք կարող փաստել, որ այստեղ լուրջ արդյունքներ կան, թեև, եթե նույնիսկ այդպիսի արդյունքներ էլ լինեն, դրանք չեն երևալու, որովհետև մտնում ենք ռազմական գաղտնիքի ոլորտ:

Պարզ է մի բան, որ բանակը սկսել է այս ուղղությամբ ակտիվ աշխատել, և աշխարհի փորձը ցույց է տալիս, որ հենց ռազմաարդյունաբերությունն այն հիմնական խթանիչ ուժերից է, որը թույլ է տալիս զարգացնել նաև տեղեկատվական տեխնոլոգիաները: Սա, իհարկե, կարող է զարմանալի թվալ, բայց եկեք նկատենք, որ դա հիմնականում մեզ համար է զարմանալի, որովհետև մեզ մոտ այս ոլորտը զարգացած չի եղել: Հիմա մենք փաստացի նոր-նոր ռազմաարդյունաբերության հետ կապված փոխնախարար ունենք, համագործակցությունների մասին խոսակցություններ կան, և այլն: Այնպես որ, 2016 թվականն այս ամենի սկիզբն է, և, կարծում եմ՝ արդեն 2017 թվականին նոր զարգացումների ականատեսը կլինենք, որը դրական ազդեցություն կունենա նաև ընդհանուր ոլորտի զարգացման համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս