«Սա դիտեք՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարում առաջին քայլ». Արփինե Հովհաննիսյան
Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որը վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվություն սահմանելուն։
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցով դիմեց նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին.
«Որքանով հասկանում եմ՝ այն մեկ տարվա կտրվածքով է դիտարկվելու, թե մեկ տարվա ընթացքում պաշտոնատար անձի միջոցները որքան են գերազանցել։ Ասվում է, որ դա 5 միլիոն դրամից չպետք է գերազանցի։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մեկ տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձը կարող է 5 միլիոնի չափով չհիմնավորված միջոցներ ունենալ և քրեորեն հետապնդման խնդիր չունենա։ Չե՞ք կարծում, որ 5 միլիոնը շատ մեծ է՝ նկատի ունենալով մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, ես կարծում եմ՝ դա բավականին խոշոր գումար է, որպես կաշառք կամ այլ ձևաչափերով ստանալու և պաշտոնական դիրքը չարաշահելու, կարծում եմ՝ պետք է շեմը նվազեցվի»։
Ա. Հովհաննիսյանը պարզաբանեց, որ իրենք 5 միլիոն դրամն ընտրել են՝ հայտարարագիր ներկայացնող ամենացածր պաշտոն զբաղեցնող և ամենաբարձր պաշտոն զբաղեցնողի աշխատավարձերի միջին թվաբանականը՝ 6 ամսով հանած.
«Ձեր ասածը որպես առաջարկ եմ ընդունում, բայց ես մտավախություն ունեմ։ Խնդիրը հետևյալն է՝ երբ փոքր շեմ ես նախատեսում, փոքրի միջոցով սկսում ես փոշիացնել իրական ջանքերը, գլոբալ խնդիրը շարունակում է մնալ։ Կիսում եմ ձեր այն կարծիքը, որ ՀՀ-ում դա բավականի մեծ թիվ է տարվա կտրվածքով։ Սա կոռուպցիայի դեմ պայքարում առաջին քայլ դիտեք, սա կարծրացած չի լինելու»։