«Ես արեցի ամեն ինչ Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստ դառնալու համար». Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքի հարցերին:
Մխիթարյանի փոքրիկ հարցազրույցը հրապարակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Հենրիխը նշում է, որ մանկուց սիրել է հետևել Թիերի Անրիի խաղին: Հայ կիսապաշտպանը պատմել է, որ, երբ Անրին հանդես էր գալիս «Արսենալում», ինքը փոքր էր և Անրիի նման խաղում էր հարձակվողի դիրքում:
Մխիթարյանը խոսել է նաև «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու և Պրեմիեր լիգայում հարմարվելու մասին:
«Ինձ համար միշտ հաճելի է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: «Յունայթեդի» կազմում խաղալը երազանք էր: Միշտ ուրախ եմ խաղալու համար և կանեմ առավելագույնը թիմին օգնելու համար»,- նշել է Հենրիխը:
Ըստ Մխիթարյանի՝ անգլիական ֆուտբոլը շատ է տարբերվում այլ երկրներում դավանած ֆուտբոլից:
«Էական չէ՝ որտեղ ես խաղում՝ Գերմանիայում, Անգլիայում, Իսպանիայում կամ Ֆրանսիայում, պետք է հարմարվես այնտեղի ֆուտբոլին: Սկզբում մի փոքր բարդ էր, բայց ես արեցի ամեն ինչ Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստ դառնալու համար: Ես արել եմ այն ամենը, ինչ պահանջում էր մարզիչը, որպեսզի օգտակար լինեմ թիմին»,- նշում է Մխիթարյանը:
Սիրարփի Աղաբաբյան