Բաժիններ՝

Հայտնի են Ստեփանակերտում կայացած StartUp Challenge for Artsakh-ի հաղթողները

Ստեփանակերտում անցկացվել է «StartUp Challenge for Artsakh» նորարարական բիզնես-գաղափարների մրցույթ-աքսելերացիոն ծրագիրը:

Ծրագիրն իրականացրել են «Technology and Science Dynamics» (TSD) ընկերությունը և «New Technology Education Fund» (NTEF) բարեգործական հիմնադրամը՝ համագործակցելով ԼՂՀ կառավարության և Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հետ:

Ծրագրի կազմակերպիչները նշում են, որ իրենց նպատակն է՝ նպաստել Արցախում սկսնակ բիզնեսների զարգացմանը, ինչպես նաև երիտասարդների մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի բիզնես ոլորտ և աշխուժություն մտցնել այդ բնագավառում:

Դեկտեմբերի 10-ին կայացել է ծրագրի եզրափակիչ փուլը, որին ներկա է գտնվել նաև ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Արայիկ Հարությունյանն իր խոսքում կարևորել է նորարարական բիզնես գաղափարների մշակումը և իրագործումը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել թե՛ երիտասարդների հմտությունների ու գիտելիքների բարելավմանը, և թե՛ մշակված նախագծերի կյանքի կոչմանը:

Կարդացեք նաև

Մրցույթի արդյունքները որոշելու համար կազմվել էր պրոֆեսիոնալ ժյուրի, որի անդամներն էին ՀՀ և ԼՂՀ Կառավարության ներկայացուցիչներ, թիմերին դասավանդող մենթորներ և անկախ մասնագետներ։

Ներկայացված բիզնես ծրագրերը վերաբերում էին Արցախի տարբեր ոլորտների զարգացմանը, ինչպես, օրինակ, աղբահանության խնդրի լուծմանը, ագրո-զբոսաշրջության ստեղծմանը, Ստեփանակերտի տրանսպորտային միջոցների տեղաշարժին, գյուղական համայնքներում ապրանքափոխանակման համակարգերի հիմնմանը, ֆինանսական հոսքերի կարգավորմանը, հագուստի և աքսեսուարների արտադրությանն ու առցանց վաճառքին, միջոցառումների մասին տեղեկատվության տրամադրմանը, սննդի փոխանակման հարթակներ ստեղծելուն, և այլն:

Ներկայացված ծրագրերից հաղթող են ճանաչվել չորսը: «StartUp Challenge for Artsakh» եզրափակչում հաղթող են ճանաչվել «Recycle Bin», «Ինքնաշխատ ծորակ», «BrainBit» և «Bus Traffic Online» ստարտափները: Նրանք կստանան խորհրդատվություն և ֆինանսական աջակցություն ծրագրի հովանավոր «Technology & Science Dynamics» ընկերության և ԼՂՀ Կառավարության կողմից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս