«Պատրաստ ենք ոչ միայն «Նաիրիտի» վերագործարկման համար ֆինանսավորում կատարել, այլև ֆինանսավորել Իրանից մինչև Երևան երկաթգծի կառուցումը». Աշոտ Գրիգորյան

Այսօր լրագրողների հետ տեսակապով զրույց ունեցան Սլովակիայից «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը, Մեծ Բրիտանիայից InfraPartners Management-ի նախագահ Գարի Նևիլը, Բուլղարիայից EU Նաիրիտ կոնսորցիումի անդամ Դիմիտար Սոկոլովն ու Բուլղարիայի էներգետիկայի նախկին փոխնախարար, ХЕМ-АД տնօրենների խորհրդի նախագահ Վասիլ Նեդյալկովը:

Ասուլիսի հիմնական բանախոս Աշոտ Գրիգորյանը նշեց, որ իրենց հոլդինգն ու միջազգային կազմակերպությունները պատրաստ են ոչ միայն «Նաիրիտի» վերագործարկման համար ֆինանսավորում կատարել, այլ նաև ֆինանսավորել Իրանից մինչև Երևան երկաթգծի կառուցումը, որի համար ըստ բանախոսի՝ 3 մլրդ դոլար է պահանջվում, նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությանն ենք օժանդակելու։

«Հայկական կողմը սարսափելի պասիվ է. մենք երբեք հայկական կողմի հետ որևէ բան չենք կարողացել անել։ Կառավարությունը փոխվել է, բայց հիմա վիճակն առավել ծանր է։ «Նաիրիտի» բանակցությունների արդյունքում գործարանը սնանկ ճանաչվեց։ Կառավարությունում ասում էին` «Նաիրիտը» չունի ծրագիր, բայց նրանք ուղղակի դրան ծանոթ չէին, ինչը խայտառակություն էր. կառավարությունն իր իսկ ֆինանսավորած ծրագրին ծանոթ չէ»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ «Նաիրիտը» շահավետ չի աշխատել միայն նրա համար, որ այն թալանել են:

Ասուլիսի մյուս բանախոսները նշեցին, որ պատրաստ են կատարել համապատասխան ֆինանսավորում, աշխատանքներ, որպեսզի «Նաիրիտը» ոչ միայն վերագործարկվի, այլ նաև մոդեռնիզացվի:

«Նախապես հաշվարկվել է մոտ 20 մլն եվրո՝ առաջին քայլի համար։ Երկրորդ քայլն անելու համար նախատեսում ենք 100-150 մլն եվրո: Բայց նման կառավարության հետ աշխատելն անհնար է ու անիմաստ։ Եթե այսպես շարունակեն, մեր բոլոր գործընկերներին կներկայացնենք իրավիճակը։ Բոլորը ոգևորված են, քանի որ ծանոթ չեն հայաստանի ներքին խոհանոցին»,- ասաց Ա. Գրիգորյանը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ գրավոր հայտ են ներկայացնելու ՀՀ կառավարություն: Նա նաև հավելեց, որ հունվարի առաջին կեսին գալու են Հայաստան՝ այդ աշխատանքներով զբաղվելու համար:

Տեսանյութեր

Լրահոս