«Թաիլանդի կամ Զիմբաբվեի կառավարությանը չեմ դիմել, այլ Հայաստանի կառավարությանն եմ դիմել». Լևոն Զուրաբյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց գյուղատնտեսական վարկերի հարցը:
Հիշեցնենք, որ երեկ իր ելույթում նա մանրամասն ներկայացրել էր խնդիրը. «Մեծամասնությունը վերցրել է գյուղատնտեսական վարկեր՝ գրավադրելով տները, ու հիմա, մի քանի տարվա ցրտահարումից և կարկտահարությունից հետո, ուղղակի ի վիճակի չէ վճարել պարտքերը՝ հայտնվելով բանկերի, դատարանների և ԴԱՀԿ-ի ճնշումների ներքո: Խնդիրը ոչ թե մի քանի անբարեխիղճ աշխատողների է վերաբերում, այլ, ըստ էության, բոլորին: Այսինքն՝ սա համակարգային խնդիր է, որով պետք է զբաղվի պետությունը: Վարկերի աներևակայելիորեն բարձր տոկոսադրույքը (24%), որը գյուղատնտեսական վարկը վերածում է սպառողականի, ի սկզբանե դատապարտում է գյուղացիական տնտեսությանն անվճարունակության»:
«Իմ ձեռքում կա մի նամակ, որն ուղղվել է կառավարությանը, կոնկրետ՝ վարչապետ Կարեն Կարապետյանին, այդ ամենն այս նամակում ներկայացված է: Ի պատասխան՝ նշվել է, որ ՀՀ-ում գործող առևտրային բանկերը հանդիսանում են մասնավոր ընկերություններ, որոնց գործունեությանը միջամտելը դուրս է ՀՀ կառավարության իրավասության շրջանակներից: Ինձ մի քիչ զարմացնում է նման մոտեցումը. Թաիլանդի կամ Զիմբաբվեի կառավարությանը չեմ դիմել, այլ Հայաստանի կառավարությանն եմ դիմել: Մի՞թե կառավարությունն այստեղ ոչ մի անելիք չուներ, մի՞թե հնարավոր չէր այստեղ միջգերատեսչական քննարկում կազմակերպել, գտնել համակարգային լուծում»:
Ի պատասխան՝ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ հարցը ճիշտ է հնչեցված, իրականում կա այդ խնդիրը, բայց չկա մեխանիզմը՝ այդ խնդրի լուծման: «Բայց հարցը դրված է քննարկման, վարչապետին զեկուցվել է խնդրի մասին, և հանձնարարություն է տրված՝ Կենտրոնական բանկի հետ միասին լուծում գտնենք, որպեսզի կարողանանք գոնե հետագա ժամանակաշրջանի համար խնդիրը լուծել: Դա միայն ֆինանսական հարց չէ. գյուղացու բերքը բնակլիմայական պայմանների պատճառով է փչանում, և նա չի կարողանում լուծել այդ հարցերը: Այսինքն՝ պետք է մեխանիզմ մշակենք, թե ինչպես ենք լուծելու այդ հարցը»,- ասաց նա՝ հավելելով, որ ցանկանում են ներդնել ապահովագրական համակարգ, որպեսզի բեռը միայն գյուղացու ուսերին չմնա:
Լևոն Զուրաբյանը խորհուրդ տվեց գյուղատնտեսության նախարարին՝ հենց այդպես էլ գյուղացուն պատասխանել, այլ ոչ թե ցույց տալ, թե կառավարությունն անտարբեր է և ընդհանրապես բացառում է իր միջամտությունն այս հարցի լուծմանը. «Ապահովագրական համակարգի ներդրումը լավ է, բայց գյուղերում արդեն 3-4 տարի ենթարկվել են նման աղետների, և պետությունը պետք է ինչ-որ պատասխանատվություն ստանձնի, ու առանց ապահովագրման համակարգին սպասելու՝ դուք պետք է ինչ-որ մեխանիզմներ գտնեք, որ այդ մարդկանց վնասները հատուցեք: Այլապես նրանք չեն կարողանա շարունակել իրենց գյուղատնտեսական գործունեությունը, եթե այսպես շարունակվի»:
Պատգամավորը հիշեցրեց, որ 2014թ. ԱԺ 4 խմբակցություն մշակել էին 12 կետ, որտեղ առաջարկել էին լուծումներ նաև վերոնշյալ խնդրի համար, և հետաքրքրվեց՝ նոր կառավարությո՞ւնը միգուցե օգտագործի այն առաջարկները կամ պահանջները, որ իրենք ներկայացրել են. «Ես խնդրում եմ՝ դուք ուսումնասիրեք և տաք հստակ պատասխան. Կառավարությունը պատրա՞ստ է այդ պահանջները բավարարել, թե՞ ոչ»:
Իգնատի Առաքելյանը նշեց, որ կուսումնասիրեն, կարձագանքեն: