Բաժիններ՝

«Եթե հայացքով հարված եք հասցրել, ապա ձեռքով հարվածելն ավելի հեշտ կլինի»

Ռուս բլոգերներից մեկը զրուցել է Սինյիցյուանի լիգայի նախագահ, Չինաստանում սինյիցյուանի հետազոտություններ կատարած տարբեր խմբերի կազմակերպիչ և ղեկավար Միխայիլ Անդրեևի հետ, որը ներկայացնում ենք մեր ընթերցողին.

 «Ներքին աշխատանքի» մասին

Միխայիլ, եկեք խոսենք նրանից, թե ավանդական չինական մարտարվեստում ինչ է «նեյգունը». ի՞նչ է դա:

– «Նեյգուն» բառը չինարենից բառացի թարգմանվում է՝ «ներքին աշխատանք»: Եվ դա իսկապես աշխատանք է, որը կատարվում է մարդու ներսում, բայց գիտակցության աշխատանքը չէ, ինչպես կարելի է ենթադրել, այլ մարմնի: Դա գիտակցական աշխատանք չէ, այլ մկանային: «Ներքին» այն անվանվում է նրա համար, որ գործնականում «կողքից» նկատելի չէ: Եթե ավելի մանրամասնենք՝ ապա դա տեխնիկա է կամ տեխնիկաների ամբողջություն, որը թույլ է տալիս մարմնի մի կետից մյուսին արդյունավետորեն ուժ փոխանցել. ոտքերից՝ իրան, իրանից՝ ուսեր, ուսերից՝ ձեռքեր, և այլն: Մարմնի ճշգրիտ և նուրբ հավասարեցում: Այստեղ կարելի խոսել վերջույթների թեքման անկյունների, ուսերի և իրանի դիրքի, մարմնի կոնկրետ հատվածի լարման և թուլացման, ողնաշարի դիրքի ու այլ նյուանսների մասին: Այդ նյուանսներն ընդհանրապես տեսանելի չեն կողմնակի հայացքների համար, և դրանց տված հնարավորություններն անտեղյակ մարդը չի կարող բացատրել:

Կարդացեք նաև

Հաճախ միախառնում են նեյգուն և ցիգուն հասկացությունները. ես այդպես չէի անի, ամեն դեպքում դրանք մի քիչ տարբեր բաներ են: Ցիգունը թարգմանվում է՝ աշխատանք ցի էներգիայի հետ: Դա ավելի շատ գիտակցության աշխատանքն է: Ցիգունի պրակտիկան կարող է լինել ստատիկ և դինամիկ, նուրբ և կոպիտ, բայց այն կառավարում է հենց գիտակցական տեխնիկան:

Դուք գործածեցիք չինական «ցի» տերմինը. ի՞նչ է ցին:

– Արևելյան աշխարհի պատկերացումներով՝ ցին էներգիա է, որը գոյություն ունի աշխարհի սկզբից, և որով լի է ամեն բան մեր մոլորակում: Ճապոնիայում այն անվանում են կի, Հնդկաստանում՝ պրանա: Արևելքի ավանդական մշակույթներում դա շատ լայն հասկացություն է, հիմնականներից մեկը, որը մեզ մոտ թարգմանել են՝ էներգիա: Դա նաև փիլիսոփայական հասկացություն է և կոնկրետ տերմին, որը լայնորեն օգտագործվում է մարտական և առողջապահական պրակտիկաներում:

Չինացիներն ասում են, որ գոյություն ունի նախաերկնային ցի, այսինքն՝ երեխան ստանում է մորից ու հորից, և հետերկնային ցի՝ որն ստանում է օդից և սնունդից: Դրա համար մենք միշտ լրացնում ենք մեր էներգիայի պաշարն արտաքին ցիով: Ուշուի վարժությունները կոչված են մաքսիմալ լավացնել այդ էներգիայի ծավալը: Ակնհայտ է, որ ցիի հայտնվելն օրգանիզմում միանշանակորեն կապված է շնչառության և արյան շրջանառության հետ:

Ընդհանուր առմամբ, ես հիմա մի քիչ հեշտացրել եմ մարդու էներգետիկայի ամբողջ մեխանիկան, քանի որ բաց եմ թողել մի քանի հասկացություններ՝ կապված ցիգունի հետ: Օրինակ՝ գոյություն ունի ցզիր կամ ցզին սուբստանցիան, որը բնորոշ է միայն մարդուն, և միայն նրա հետ միանալով է ցին շարժվում մարմնում: Բայց դա այլ թեմա է:

Ցի էներգիայի մասին

Ժամանակակից գիտությունն ի՞նչ է մտածում այդ սուբստանցիայի մասին:

– Մի շարք հիպոթեզներ կան այն մասին, թե ինչ է ցին: Գուցե մենք գործ ունենք ինչ-որ մասերի հոսքի հետ, որոնք անհայտ են գիտությանը: Գուցե ցիի ֆենոմենում մենք բախվում ենք էլեկտրամագնիսական դաշտի հատկությունների դրսևորմանը կենդանի միջավայրում: Գուցե գործում է ցուցիչների և երևույթների մի ամբողջ կոմպլեքս…

Չինաստանում ամբողջ համալսարաններ են զբաղվում ցիի ֆենոմենի ուսումնասիրությամբ: Բայց միանշանակ պատասխաններ դեռ չկան: Գիտությունը դեռևս չի կարող բացատրել ցիի հետ կապված բոլոր էֆեկտները:

– Ստացվում է, որ մենք կարող ենք դիտարկել ցին՝ որպես ինչոր «սև ա՞րկղ»: Մենք չգիտենք, թե ինչ ու ինչպես է տեղի ունենում ներսում, բայց գտել ենք դա օգտագործելու միջոցնե՞ր:

– Այո, ուշուում շատ հաճախ այսպես են ասում. «Հայտնի չէ՝ ինչպես է դա աշխատում, բայց արդյունքի հասնելու համար պետք է անել այսպես, այսպես և այսպես, և արդյունքը կլինի»: Ինչո՞ւ է այդպես լինում, հայտնի չէ: Չինացիների պրագմատիզմն էլ չի ստիպում նրանց դրա մասին շատ մտածել:

Էմոցիայով և հայացքով աշխատանքի մասին

Դուք գործարկում եք սինյիցյուան ոճը, որը համարվում է նեյգունում և ցիգունում առավել զարգացած ոճ: Կա սինյիցյուանում աշխատանք էմոցիաների հետ:

– Եվրոպական հասկացությամբ էմոցիաների հետ՝ ոչ: Բայց կա աշխատանք ընդհանուր վիճակի, ներքին հոսքերի հետ: Օրինակ՝ զայրույթը դիտարկվում է՝ որպես էներգիայի հազվագյուտ «եռանդ»՝ ներքին դանտյան (դա որովայնի ներքին մասում գտնվող հատվածն է): Այդտեղից էներգիան բարձրանում է վերև՝ կրծքի մոտ: Եվ հաճախ այդտեղ լճանում է՝ առաջացնելով օրգանիզմի աշխատանքում տարբեր խախտումներ: Միաժամանակ ի հայտ են գալիս լարվածությունն ու սպազմը:

Զայրույթին հաղթել՝ նշանակում է՝ «դատապարտել» այդ սուբստանցիան, նրան վերադարձնել «որովայն»: Դրա հետ մեկտեղ՝ պետք է դատարկել գլուխը բոլոր մտքերից: Սովորեցնում են հանգստությանն ու լիցքաթափմանը:

Ես գիտեմ, որ սինյիցյուանում կա շատ հետաքրքրիր աշխատանք հայացքի հետ: Պատմեք, խնդրում եմ, այդ մասին:

– Այստեղ մի քանի ասպեկտ կա: Ուշուում հայացքի հետ աշխատանքին շատ մեծ ուշադրություն է հատկացվում: Ինչո՞ւ: Երկու բառով գործն այսպես է. Բանն այն է, որ աչքերի միջոցով կարող է կատարվել մեծ էներգետիկ նետում: Երևի ձեզ ծանոթ է այն երևույթը, որ զգում եք ինչ-որ մեկի հայացքը: Օգտագործելով որոշակի վարժություններ, կարելի է նույնիսկ վնաս հասցնել մարդուն: Այդպես ուրեմն, սինյիցյուանի վարպետներն ազդելով հակառակորդի վրա՝ օգտագործում են հայացքի տեխնիկան՝ ոտքի և ձեռքի հետ միասին: Ասում են այսպես. «Եթե հայացքով հարված եք հասցրել, ապա ձեռքով հարվածելն ավելի հեշտ կլինի»:

Հայացքով կարելի է որոշել հակառակորդի վիճակը, նրա վճռականությունը, շփոթվածությունը, պատրաստվածությունը մարտին, չարությունը, ցավը: Եվ վերջապես, պարապմունքների ժամանակ՝ հայացքով հետևելով սեփական ձեռքերին, դու կենտրոնանում ես դրանց վրա, չես շեղվում:

Սինյիցյուան

Կյանքի ոճի մասին

Կարելի՞ է պնդել, որ սինյիցյուանը յուրատեսակ ապրելակերպ է:

– Այո, որպեսզի տիրես ոճին, պետք է դրանով ապրես: Դա ֆիտնես չէ, որով կարող ես զբաղվել շաբաթական 3 օր: Իմ ուսուցիչն ասում է, որ դրանով կարելի է զբաղվել ցանկացած պահի՝ նստած, պառկած, փողոցում քայլելիս: Եվ դրա հետ մեկտեղ՝ երբեք չնկատել, որ դուք պարապում եք: Պետք է ուշադրություն դարձնել նրա վրա, թե ինչպես ես քայլում, նստում, ինչպես ես անում նույնիսկ ամենահասարակ գործողությունները:

Կա՞ ինչ-որ արդյունք, որը կարելի է համարել սինյիցյուանի ամենաբարձր կետը, ավարտը:

– Դժվար է ասել: Յուրաքանչյուրն այստեղ իրենն է փնտրում: Կան շատ փիլիսոփայական պատասխաններ այդ հարցին: Իմ կարծիքով՝ անիմաստ է ինչ-որ սահմաններ դնելը: Ամեն անգամ քո առջև ինչ-որ նոր բան է բացվում, ու դու առաջ ես գնում:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս