«ԲՀԿ-ի վարկանիշը, նրա գործունեությունը, արձանագրած հաջողությունները միշտ էլ պայմանավորված են եղել պարոն Ծառուկյանով». Գառնիկ Իսագուլյան

«Ցանկացած նախաձեռնություն կարող է լինել, և այդ նախաձեռնության հեղինակներն իրենք պետք է ասեն, թե իրենց նախաձեռնությունն ինչի համար և ինչ նպատակով է»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել ԲՀԿ համագումարը, որի շրջանակներում կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ հորդորելով Գագիկ Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն։ Ըստ ԲՀԿ-ականների՝ «դա պետության համար կենսական անհրաժեշտություն է»։ Այսօր նաև բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել Գ. Ծառուկյանի տան դիմաց՝ խնդրելով նրան վերադառնալ։ Գ. Ծառուկյանը խոստացել է մի քանի օրից պատասխանել՝ կվերադառնա՞, թե՞ ոչ։

Գ. Իսագուլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեծ քաղաքականություն վերադառնալու խնդիրը բացառապես Գագիկ Ծառուկյանի որոշելիքն է. «Որովհետև, երբ նա դուրս էր գալիս քաղաքականությունից, շատ հստակ ձևակերպումներով էր դուրս գալիս։ Հիմա հետ գալն էլ մեծ քաղաքականություն բացառապես պարոն Ծառուկյանի որոշելիքն է, և ինքը դրա մասին շատ հստակ ասել է»։

Մեր այն հարցին, թե՝ Ձեր կարծիքով՝ Գ. Ծառուկյանի վարադարձով ի՞նչ կփոխվի մեր քաղաքական կյանքում՝ Գ. Իսագուլյանը պատասխանեց, որ սա այն եզակի դեպքերից է, որ «թե»-ականով խոսելը շատ բարդ է. «Պետք է տեղի ունենա այդ վերադարձը, որից հետո կարելի է ասել՝ ինչ հնարավոր փոփոխություններ են հնարավոր։ Սա այն դեպքն է, որ նախօրոք կանխատեսումներ անելը, հստակ ձևակերպումներ տալը, թե ինչ կարող է տեղի ունենալ, շատ բարդ է»։

Կարդացեք նաև

Հարցին էլ, թե՝ Գագիկ Ծառուկյանի վերադառնալուց հետո ԲՀԿ-ն կարո՞ղ է նորից ունենալ այն վարկանիշը, որ ուներ մինչ հեռանալը՝ Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց.

«Ես նախկինում էլ միշտ էլ ասել եմ՝ ինչքան էլ դա ցանկալի չէ ԲՀԿ-ի ղեկավարության և անդամների համար, ԲՀԿ-ի վարկանիշը, նրա գործունեությունը, արձանագրած հաջողությունները միշտ էլ պայմանավորված են եղել պարոն Ծառուկյանով, դա կոնկրետ այն կուսակցությունն է, որը ձևավորված է անձերի շուրջ։ Եթե պարոն Ծառուկյանը վերադառնա, նորից ամեն ինչ պայմանավորված կլինի կոնկրետ անձով, և կարծում եմ՝ ԲՀԿ-ն դա շատ լավ հասկանում է, որ գնացել է նման գործողությունների, քայլերի՝ շատ լավ հասկանալով, որ ԲՀԿ-ն՝ Ծառուկյանով, և ԲՀԿ-ն՝ ն առանց Ծառուկյանի, դրանք միանգամայն տարբեր բաներ են»։

Տեսանյութեր

Լրահոս