ԾԻԳ-երի կրճատման արդյունքում քանի՞ մարդ կդառնա գործազուրկ

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ԾԻԳ-երի օպտիմալացման ուղղությամբ մինչև այս իրականացված աշխատանքների ընթացքում կառավարության որոշումներով լուծարվեցին 5 ԾԻԳ-եր:

Լուծարված ԾԻԳ-երի շարքում են «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական, նաև՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սևան թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակը»:

Այս ԾԻԳ-երը գործելու են մինչև 2016թ. դեկտեմբերի 30-ը, իսկ թե դրանից հետո ինչով են զբաղվելու այդ կառույցների աշխատակիցները, փորձեցինք պարզել կառույցների ղեկավարներից ու պատասխանատուներից:

168.am-ի հետ զրույցում «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Միլիտոս Դավթյանն ասաց, որ իրենց կառույցում 21 հոգի մնալու է առանց աշխատանքի: «Եթե հիմնարկը լուծարում են, էլ որտե՞ղ պետք է աշխատենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ նշված հիմնարկի լուծարմամբ կտնտեսվի 61 միլիոն դրամ:

Իսկ ահա ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Եղիշե Խերանյանը համոզված է՝ իրենց 16 աշխատակիցները գործազուրկ չեն դառնա. «Բոլորն էլ կարող ուժեր են ու հիմնականում՝ երիտասարդներ, և այսօր նախարարության կողմից էլ լուծումներ գտնելու ցանկություն եմ տեսնում»:

Նա նշեց, որ իրենց ԾԻԳ-ի մեկ տարվա ծախսը 2016թ. եղել է 65-66 մլն դրամ, որից մոտ 8.5 մլն դրամը հատկացվել է Մշակույթի նախարարության «Կամար» էլեկտրոնային թերթին, իսկ մնացածը հատկացվել է ԾԻԳ-ին. «Մենք այս տարի 20 մլն դրամից ավելի խնայողություն ենք արել մրցույթների արդյունքում: Ուղղակի բարեփոխումների շրջան է սկսվել, գնում ենք խնայողությունների, և այս ասպեկտից լրիվ նորմալ եմ համարում կառույցի լուծարումը՝ որքան էլ դա ցավոտ լինի: Երկիրը փորձում է իր գոտին ձգել՝ հանուն լավ օրվա:

Մենք դեռ աշխատում ենք, մրցույթներ ենք հայտարարում, պայմանագրեր կնքում, այսինքն՝ պասիվացում, ընկճվածություն չկա»:

Հետաքրքրվեցին, թե դեկտեմբերի 30-ից հետո ինքն ինչո՞վ է զբաղվելու: «Ես առանց աշխատանքի չեմ կարող, բայց դեռևս որևէ կոնկրետ քննարկում չի եղել»,- պարզաբանեց Ե. Խերանյանը:

ՀՀ ԱԻՆ «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի» աշխատակիցներին ևս գործազրկություն չի սպառնում: ԱԻՆ-ի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հայտնեցին, որ, թեև իրենց ԾԻԳ-ն ունի 22 աշխատանքային հաստիք, բայց իրենց պահանջներից ու գործառույթներից ելնելով՝ զբաղեցված էր ընդամենը 12-ը. «12 աշխատակիցներից 3-ն արդեն աշխատում են մեր նախարարության այլ ստորաբաժանումներում, այսինքն՝ աշխատակիցների աշխատանքի տեղավորման խնդիրների լուծումն արդեն ընթացքի մեջ է: Նախարարությունը հետամուտ է լինում այդ խնդրին»:

Այսօրվա նիստի ժամանակ վարչապետը նաև նշել էր, որ պետք է աշխատանք տանել ոչ միայն ԾԻԳ-երի քանակի, այլև դրանց պահպանման ծախսերի կրճատման ուղղությամբ: Կ.Կարապետյանը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց այդ հարցով բանակցել օտարերկրյա և միջազգային վարկատու կազմակերպությունների հետ: Նրա հաշվարկով` ԾԻԳ-երի քանակը կարելի է կրճատել առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը՝ մեկ երրորդով. «Մենք նախնական հաշվարկել ենք՝ 11 ԾԻԳ-ից պետք է մնա հինգը: Բոլոր կողքի կառույցները, ստորաբաժանումները, բաժինները պետք է վերանան»:

 

Տեսանյութեր

Լրահոս