«Պետք է շատ արագ սթափեցնել ընդդիմադիր դաշտը և կոնտր քայլերը միասնաբար կատարել»

Մեր զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը

– Պարոն Մարուքյան, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ 2017թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը հաղթելու շանս չունի։

– Շարմազանովն ասում է այն մասին, ինչ իրենք նախատեսում են եղած ընտրական օրենսգրքով և այդ տրամաբանության մեջ, այդ 100% մոտավորապես մեծամասնական ընտրակարգի մեջ ինքը ճիշտ է ասում։ Այսինքն` այն, ինչ իրենք պլանավորում են, այդ կոնտեքստում ճիշտ է ասում։ Իրենք այնպես են պլանավորել, որպեսզի անպայման վերարտադրվեն, մի բան էլ ավելի։ Դրա մասին, արդեն մի տարի է` ես բարձրաձայնում եմ։

Բայց այստեղ մի հատ «բայց» կա` իսկ ի՞նչ կլինի, եթե ընտրություններն ընթանան իրենց տրամաբանությունից դուրս, այսինքն` այն լոգիկայից դուրս, որ իրենք են պլանավորել ու նախատեսել։ Բնականաբար, Հանրապետական կուսակցությունը չի կարող վերարտադրվել և, հնարավոր է, որ քաղաքական ճգնաժամի առաջ կանգնեն։ Եվ այս պահին ես` որպես ընդդիմադիր նոր սերնդի քաղաքական գործիչ, զբաղված եմ դրանով։

– Որքա՞ն է հավանականությունը, որ իրենց ծրագրերը նախանշված հունից դուրս կգան։

– Բավականին ռեալ է։ Մի բան է, թե իրենք ինչ են պլանավորել, մի բան է, թե մենք դրա դեմ ինչ ենք անելու։

– Կբացե՞ք` ինչ գործիքներով է հնարավոր իրենց պլանների հունը փոխել։

– Կարծում եմ` հիմա շուտ է դա բացելու համար, որովհետև, երբ այդ լոմի դեմ լոմ ես օգտագործում` պետք է այն պահին օգտագործես, որ չհասցնեն ուրիշ գործիք վերցնել և հակահարված տալ։ Բայց դրա ռեալ հնարավորությունը կա։ Ընդհանրապես` առաջին խնդիրն ախտորոշումն է։ Մենք գիտենք, թե իրենք ինչ են ուզում անել։

Հետևաբար` քանի որ մենք գիտենք, ուրեմն մենք ադեկվատ ենք իրավիճակին, և դրա համար ադեկվատորեն գնահատում եմ` իր տրամաբանության մեջ Շարմազանովը ճիշտ է ասում։ Եվ քանի մենք ադեկվատ ենք գնահատում իրավիճակը, հետևաբար` մենք էլ մեր քայլերն ենք ծրագրում անել դրա հետ կապված։ Թե որքանով կստացվի կամ չի ստացվի` դա էլ կախված է ընդդիմադիր մյուս ուժերի ադեկվատությունից։ Այսինքն` քանի դեռ ուժեր կան, այդ թվում` բազմաթիվ, որոնք դեռևս չեն կարղանում հասկանալ` ինչ տրամաբանության մեջ է իշխանությունն ուզում ընտրություններն անցկացնել, ու նրանք մնացել են 2007, 2012 թվականների ընտրական պրոցեսների մեջ, դա բարդ է լինելու։ Դրա համար պետք է շատ արագ սթափեցնել ընդդիմադիր դաշտը և կոնտր քայլերը միասնաբար կատարել։ Սրանում է խնդիրը։

– Ո՞ր ուժերին եք տեսնում` որպես իրական ընդդիմադիր։

– Ես երբեք չեմ փորձել իրական ընդդիմադիրի վկայականներ բաժանել ընդդիմությանը, կամ վերցնել նրանց ձեռքից։

– Լավ, այդ դեպքում ո՞ւմ հետ եք հնարավոր համարում Ձեր համագործակցությունը։

– Քննարկումներն ընթացքի մեջ են, հիմա անուններ, ըստ էության, չեմ կարող տալ։ Կարծում եմ` մինչև Նոր տարի, մինչև դեկտեմբերի վերջ մենք կարող ենք կոնկրետ ուժերի մասին խոսել։ Այսինքն` մի 15-20 օրից կունենանք անուններ։

– Իսկ ամբողջ ընդդիմադիր դաշտի միավորումը հնարավոր չե՞ք համարում։

– Ես այդ առումով լավատես չեմ, բայց գոնե լուրջ դերակատարում ունեցող ուժերի միանալու հավանականություն կա, տեսնում եմ։

– Եթե հանկարծ Հանրապետականը, այնուամենայնիվ, կարողանա իր պլաններն իր ուզած սցենարով կյանքի կոչել, այդ դեպքում ի՞նչ է սպասվում, ինչպիսի՞ խորհրդարան կունենանք։

– Կունենանք այս եղածի շարունակությունն ու Հայաստանի զարգացումը կարող ենք մոռանալ։ Կարող ենք մոռանալ, որ այդ կոնֆիգուրացիայի մեջ Հայաստանը կարող է որևէ ոլորտում զարգացում արձանագրել, ժողովրդավարությունից սկսած` տնտեսությունով ավարտած։ Հիմնական խնդիրը քաղաքական մենաշնորհն է, որն արտացոլվում է տնտեսության վրա, մշակույթի, կրթության, գիտության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա, այսինքն` եթե դա շարունակվում է, ապա որևէ ոլորտում չենք կարող առաջընթաց արձանագրել։ Սրանում է խնդիրը։ Այսինքն` խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն է, խնդիրն այն է, որ մի ուժ այդքան դաշտ է զբաղեցնում։ Դա խնդիր է, և կապ չունի, թե որ ուժն է։ Տպավորություն չստեղծվի, որ ատում ենք ՀՀԿ-ին։ Ո՛չ, ինչ ուժ ուզում է լինի, եթե այդքան անվերահսկելի իշխանություն ունեցավ, այդտեղ չի կարող զարգացում լինել։ Դրա անունն ուզում եք՝ դրեք Կոմկուս, ուզում եք` դրեք ՀՀԿ, ուզում եք` դրեք ՊՊՇ, կապ չունի, ուժն` ուժ է։

Տեսանյութեր

Լրահոս