Բաժիններ՝

Թուրքիայի քրդամետ կուսակցության խմբակցության փոխնախագահին սպառնում է 10-23 տարվա ազատազրկում

Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի ծանր հանցագործությունների 5-րդ դատարանը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Չաղլար Դեմիրելի նկատմամբ 10-23 տարվա ազատազրկում է պահանջել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:

Չաղլար Դեմիրելի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու, ահաբեկչական կազմակերպության քարոզչություն իրականացնելու, արգելված հավաքներին եւ երթերին մասնակցություն ունենալու հատկանիշներով:

Հանցագործություն է համարվել նաեւ 2015-2016 թվականներին Դիարբեքիրում տեղի ունեցած 11 առանձին մամուլի ասուլիսներում Չաղլար Դեմիրելի ելույթները:

Թուրքիայում նոյեմբերի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը:

Կուսակցության փաստաբանները դիմել էին Դիարբեքիրի դատարանին, սակայն վերջինս վճռել էր, որ պատգամավորների կալանավորումը համապատասխանում է օրենքին` մերժելով ներկայացված բողոքարկումը: Ելնելով այս փաստից` փաստաբանները որոշել են նոյեմբերի 17-ին դիմում ներկայացնեն Թուրքիայի Սահմանադրական դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս