Բաժիններ՝

Ֆրանսուա Ռոշբլուանը տրամաբանական զարգացում է համարում ԼՂՀ­-ն Արցախ անվանակոչելը

Ֆրանսիա­-Ղարաբաղ բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների շրջանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Արցախ անվանակոչելու հնարավորությանը:

«Սեփական բնակիչների կողմից տրվող մշտական անունով վերակոչվելը տրամաբանական զարգացումն է այդ պետության համար, որը մինչ այժմ հայտնի է ժամանակին բռնազավթողների կողմից նրան տրված օտարալեզու իր անվանումով: Անկախությունները այս կերպ են ամբողջացվում, երբ քաղաքականապես հասուն քաղաքացիները ժողովրդավարորեն ընտրում են սեփական երկրի անվանումը»,- France­karabagh.fr կայքում մեկնաբանել է Ֆրանսիա­-Ղարաբաղ բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը՝ հավելելով, որ «եթե որոշումն ընդունվի, դրանով իսկ Լեռնային Ղարաբաղը կհետևի Բուրկինա Ֆասո անվանակոչված Վերին Վոլտայի կամ Մյանմա անվանակոչված Բիրմայի օրինակներին»:

France­karabagh.fr-­ն հիշեցրել է, որ նոյեմբերի 7-­ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահը հայտարարել է իր երկիրը՝ պատմական Արցախ անունով վերանվանվանելու հնարավորության մասին, ինչը, հնարավոր է, տեղի ունենա ընթացիկ սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ, որոնք հիմնականում առնչվում են հիմնարար ազատությունների եւ քաղաքացիական իրավունքների դրույթներին:

«Եթե բարեփոխումը հասնի իր ավարտին, երկիրը կազատվի իր կրկնակի անվանումից՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-­Արցախ»­-ից և կկոչվի միայն «Արցախի Հանրապետություն»»,­- գրել է կայքը:

Սահմանադրական բարեփոխումների փաթեթը հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կայքէջում: Քննարկումներից եւ սահմանադրական հնարավոր բարեփոխումներից հետո այն կդրվի հանրաքվեի:

«Սահմանադրական բարեփոխումների ընդունման դեպքում Բարեկամության խումբը կհետեւի Արցախի ժողովրդի ինքնիշխան որոշմանը եւ մենք կդառնանք Ֆրանսիա­Արցախ բարեկամության խումբ», – նշել է Ֆրանսուա Ռոշբլուանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս