Բաժիններ՝

Քրիստինա Գյուրջյանը անհրաժեշտ է համարում դեղատոմսով հակաբիոտիկների նշանակումը նաեւ կենդանիների դեպքում

Ամբողջ աշխարհում արտադրվող հակաբիոտիկների 50 %-­ը հատկացվում է գյուղատնտեսության ոլորտին: «Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ Քրիստինա Գյուրջյանը:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական ուղղություններից մեկն է նաեւ այնպես անել, որ անասնաբույժները նույնպես դեղատոմսով նշանակեն հակաբիոտիկներ, ոչ թե գյուղացին ինքը որոշի ձեռք բերել դա: Ավելին ասեմ, հաճախ նրանք գնում են այն հակաբիոտիկները, որոնք նախատեսված են մարդկանց վարակիչ հիվանդությունների բուժման համար: Դա անթույլատրելի է: Այդ խնդիրն անպայման բարձրաձայնվելու է առաջիկայում մեզ մոտ, որովհետեւ այդ ոլորտում եւս նույն դեղատոմսային մեթոդով պետք է հակաբիոտիկներ նշանակել»,­- ընդգծեց նա:

Քրիստինա Գյուրջյանը նշեց, որ Հայաստանը, այլ երկրների համեմատ, հակաբիոտիկների օգտագործման ցուցանիշով լավ դիրքեր է զբաղեցնում:

«Այսինքն՝ ի համեմատ այլ երկրների մեզ մոտ այդքան էլ շատ չէ, իսկ դեղակայուն մանրէների շրջառության վերաբերյալ տվյալներ չունենք, սակայն դա չի նշանակում, որ մեզ մոտ ուսումնասիրություն չի իրականացվում, պարզապես համակարգված չէ մեր տեղեկատվությունը»,­- եզրափակեց ՀՀ ԱՆ ներկայացուցիչը՝ տեղեկացնելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաեւ Նիդեռլանդների հանրային առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ 2017 թվականին Հայաստանում իրականացվելու է դեղակայուն մանրէների վերաբերյալ հետազոտություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս