«Գելլափ Ինթերնեյշնլի» հարցման համաձայն՝ Կարեն Կարապետյանի գործելաոճը հարցվածների 85.1 տոկոսը դրական է գնահատել
«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կատարած հարցումների համաձայն՝ ՀՀ-ի 1104 քաղաքացիների 86.1 տոկոսը դրական են գնահատել վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց Նոյեմբերի 2-16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում իրենց կատարած հարցումների արդյունքները, որոնց մասնակցել են ՀՀ 1104 քաղաքացիներ։ Նա նշեց, որ հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային ﬕավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային ﬕավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում՝ ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում՝ 33%, մարզերում՝ 67%: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով:
Հարցվածների 57.2 տոկոսն ավելի շուտ դրական են գնահատել վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումը, 29 տոկոսը՝ լիովին դրական, 4 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 1.6 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, իսկ 8.2 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Հարցվածների 56.2 տոկոսն այս կարճ ժամանակահատվածում վարչապետի գործելաոճը գնահատել է ավելի շուտ դրական, 28.9 տոկոսը՝ լիովին դրական, 3.7 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 1.7 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, իսկ 9.5 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Հարցին, թե՝ ինչպե՞ս եք գնահատում նոր ձևավորված կառավարության փոփոխությունները, այդ թվում՝ նախարարների փոփոխություններ, նախարարությունների անվանափոխումներ և վերակազմավորումներ, և այլն, հարցվածների 73.9 տոկոսը դրական է գնահատել, 12.5 տոկոսը՝ բացասական, իսկ 13.6 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։
Քաղաքացիներին նաև հարցրել են, թե ի՞նչ սպասումներ ունեն նոր ձևավորված կառավարությունից առաջիկա 6 աﬕսների ընթացքում։
Հարցվածների 44.2 տոկոսը պատասխանել է, որ նոր կառավարությունը շոշափելի քայլեր իրականացնելով ունակ կլինի բարելավել ՀՀ տնտեսության վիճակը, 24.5 տոկոսը պատասխանել է, որ նոր կառավարությանը չի հաջողվի ոչ ﬕ տեսանելի հաջողություն գրանցել այդ ընթացքում, 19.2 տոկոսը պատասխանել է, որ նոր կառավարությունը բոլոր տնտեսվարողներին կբերի օրենքի դաշտ, 12 տոկոսը պատասխանել է, որ նոր կառավարությունը կնպաստի արդար և թափանցիկ ընտրությունների իրականացմանը, իսկ 15.4 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։