Բաժիններ՝

Հարյուրավոր միլիոններ՝ Իջևանի հարկային տեսչության բարեկարգ վարչական շենքի համար

ՀՀ կառավարությունը վաղվա նիստում վերաբաշխում է կատարելու 2016 թվականի պետական բյուջեում՝ Իջևանի տարածքային հարկային տեսչության վարչական շենքի վերակառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով։

Ըստ կառավարության որոշման նախագծի՝ Իջևանի հարկային տեսչության վարչական շենքի վերակառուցման աշխատանքները պետք է ավարտվեին մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը։ 261 մլն 723 հազար 353 դրամ արժողությամբ պայմանագիրը կնքվել էր դեռևս անցած տարի հուլիսի 14-ին։ Սակայն 2015 թվականին կատարվել են մոտ 92.7 մլն դրամ արժեքով շինարարական աշխատանքներ:

Այս տարի ՊԵԿ գնման պլանով աշխատանքների կատարման համար նախատեսվել է 144 մլն 720 հազար դրամ: Պակաս է նախատեսվել 24 մլն 241 հազար ՀՀ դրամ: Շինարարության ընթացքում ի հայտ եկած նոր հանգամանքների պատճառով կառույցի նախագծում կատարվել են փոփոխություններ, որոնց հետևանքով անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ աշխատանքներ՝ 25 մլն 51 հազար 160 ՀՀ դրամ արժեքով: 2016թ. ՊԵԿ գնման պլանով կառույցի տեխնիկական հսկողության ծառայությունների իրականացման համար պակաս է նախատեսվել 432 հազար ՀՀ դրամ: Պակաս է նախատեսվել նաև հեղինակային հսկողության ծառայության իրականացման պայմանագրային գինը՝ 648 220 ՀՀ դրամով, և այլն։

Ընդհանուր առմամբ անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների արժեքը կազմում է 50 մլն 807 հազար 882 ՀՀ դրամ, որից 49 մլն 292 հազար 866 ՀՀ դրամ՝ շինարարական աշխատանքների, 758 հազար 97 ՀՀ դրամ՝ տեխնիկական հսկողության ծառայության, և 756 հազար 919 ՀՀ դրամ՝ հեղինակային հսկողության ծառայության իրականացման համար:

Միաժամանակ պայմանագրերի կատարման ժամկետը կերկարաձգվի մինչև 2016թ. դեկտեմբերի 20-ը:

Որոշման նախագծով նախատեսվում է անհրաժեշտ ֆինանսական միջոցներն ապահովվել ՊԵԿ Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի 2016 թվականի գնումների պլանով նախատեսված, սակայն անհրաժեշտությունը վերացած Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման համար նախատեսված գումարից:

Ի դեպ, այս միլիոնների հատկացման մասին որոշումը կառավարությունն ընդունելու է առանց քննարկման։ Նախագիծը կրում է «չքննարկվող» պիտակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս