Ինչպիսի՞ ճակատագիր կունենա Իրանի հետ համաձայնագիրը նոր վարչակազմի օրոք
Դոնալդ Թրամփն իր քարոզարշավի ընթացքում սուր քննադատության էր ենթարկել նախագահ Օբամայի արտաքին քաղաքականությունն ու նրա վարչակազմի ձեռքբերումները: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Երբևիցե իմ կյանքում չեմ հանդիպել այդքան վատ բանակցված համաձայնության, ինչպիսին է Իրանի հետ համաձայնագիրը»,- ասել է նորընտիր նախագահը:
Դա նրա արտահայտած դիրքորոշումն էր քարոզարշավի ժամանակ, սակայն այժմ համաձայնագրի հակառակորդներն անհանգստանում են, որ դրա վերացումը կարող է ավելի շատ վնաս պատճառել, քան օգուտ:
Իրավական առումով ԱՄՆ-ը կարող է ուղղակի դուրս գալ համաձայնագրից, քանի որ այն չի ենթադրում նման պարտավորություն:
ԱՄՆ պետքարտուղարության նախկին իրավաբան Էդվարդ Սվեյնն ասում է. «Եթե ԱՄՆ-ը փոխի իր կարծիքը, այն չի ունենա ուղղակի հետևանքներ միջազգային իրավունքի տեսանկյունից»:
Սակայն քաղաքական առումով հետևանքներն անկանխատեսելի են: Այն ոչ միայն կզայրացնի համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող եվրոպական դաշնակից պետություններին, որոնք փորձում են խորացնել կապերը Իրանի հետ, այլ կստիպի Իրանին վերսկսել իր միջուկային ծրագիրը:
«Կոնգրեսի անդամներն երկու կողմից էլ, կարծում եմ, հասկանում են, որ ԱՄՆ-ը կարող էր ունենալ ավելի լավ համաձայնագիր, սակայն դրա դադարեցումն այժմ լավ գաղափար չէ: Ավելի լավ տարբերակ է խստորեն հետևել դրա իրականացմանը»,- ասում է Օրդե Կիտրեն Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամից:
Հանրապետականները, ովքեր չէին կարողացել տապալել համաձայնագիրն անցած տարի, այժմ Կոնգրեսում առաջ են տանում Իրանի դեմ ավելի խիստ պատժամիջոցների կիրառման գաղափարը, որը ավելի կուժեղացնի Թրամփի դիրքերը համաձայնագրի վերաբանակցման ընթացքում:
«Իմ պատկերացմամբ նոր վարչակազմը պատրաստվում է ավելի խստորեն հետևել համաձայնագրի իրականացմանը, հակադրվել Իրանին այլ ասպարեզներում, բայց դուրս չգալ համաձայնագրից, քանի որ դրա դադարեցումը չի բխում ԱՄՆ-ի պետական շահերից»,- ասում է Կիտրին:
Չնայած իր կողմից համաձայնագրի սուր քննադատությանը՝ Թրամփի դիրքորոշումն այդքան էլ պարզ չէ՝ համաձայնագիրը վերացնելու վերաբերյալ: Ըստ փորձագետների՝ դա իրեն հնարավորություն կտա մի կողմից պահպանել համաձայնագիրը, մյուս կողմից` կոշտ դիրքորոշում ունենալ Իրանի նկատմամբ: