«Միայն այդպիսի հասարակությունը կարող է Հայաստանի կայացման և բարգավաճման երաշխիք հանդիսանալ». Ռուբեն Կարասեֆերյան
168.am-ի զրուցակիցն է ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի խմբավար Ռուբեն Կարասեֆերյանը, ով աշխատել է նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես խմբավար և դերասան, մասնակցել է մի շարք համերգների ու փառատոների, միջազգային մրցույթների դափնեկիր է:
Նա ավարտել է Ա. Սպենդիարյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի խմբավարության բաժինը, որը գերազանցությամբ ավարտելուց հետո ուսումը շարունակել է ասպիրանտուրայում: 2005թ.-ին, որպես «Զվենոչոկ» մանկական երգչախմբի ղեկավար, դարձել է Ուկրաինայում կայացած միջազգային մրցույթի դափնեկիր: 2007-2011թթ. սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ դիրիժորության ֆակուլտետում և գերազանցությամբ ավարտել այն: 2006 թվականից Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի երգչախմբի խմբավարն է:
– Դուք երկար տարիներ աշխատում եք համալսարանականների հետ, որոնց համար երգը, երգեցողությունը եթե չասենք՝ մասնագիտություն, ապա հոբբի է: Ինչպիսի՞ն են մեր երիտասարդները, ինչպե՞ս են ընկալում արվեստը, այս դեպքում՝ երգը:
– Այո, արդեն տասը տարի է՝ աշխատում եմ ԵՊՀ մշակույթի կենտրոնում, պարապում եմ երգիչների հետ. մասնակցել ենք բազմաթիվ համերգների և հյուրախաղերի: Ամենակարևորն այն է, որ ուսանողները ինքնակամ են գալիս ԵՊՀ մշակույթի կենտրոն՝ առանց որևէ պարտադրանքի, և իմ կարծիքով՝ դա է մեր հաջողության գրավականը, քանի որ ձևավորվել է նվիրյալների մի խումբ: Դա վերաբերում է նաև մշակույթի կենտրոնում գործող թատրոնի, պարի և մյուս խմբակներին: Համալսարանականներն առաջին հերթին տարբերվում են իրենց ինտելեկտով, էրուդիցիայով: Երաժշտությամբ զբաղվելու համար դա շատ մեծ առավելություն է: Մեր ուսանողները, կարելի է ասել, մելոմաններ են և լսում են բազմաբնույթ երաժշտություն, բայց գերակշռող մեծամասնությունը սիրում է փոփ երաժշտություն: Մեր նպատակներից մեկն է երիտասարդների շրջանում սեր առաջացնել նաև դասական, ժողովրդական և հոգևոր երաժշտության հանդեպ, և այդպիսով՝ լուրջ արվեստի մեծ թվով նոր սիրահարներ և ինչու ոչ՝ նաև կատարողներ ենք ունենում, որոնք որոշում են դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտներ:
– Հասարակություն-արվեստագետ կապն ինչպիսի՞ն է Հայաստանում. արվեստագետը գնահատվա՞ծ է ժողովրդի կողմից:
– Կարծում եմ՝ հասարակության և արվեստագետի կապը Հայաստանում գտնվում է բավարար մակարդակում, և դա ձեր՝ լրագրողների մեղավորությունը չէ, քանի որ շատ հարցազրույցներ են տրվում, հաղորդումներ պատրաստվում: Խնդիրը ժողովրդի ծանր սոցիալական վիճակն է, երբ արվեստի համար ժամանակ և տրամադրություն չեն ունենում: Մտահոգիչ է նաև դասական երաժշտության պրոպագանդայի հարցը հատկապես հեռուստատեսությամբ՝ երբ դասական երաժշտությունը հնչում է կամ գիշերային ժամերին, կամ միայն սգո առիթներին:
Հունաստանում 1950-ական թվականներին որոշեցին, որ իրենք քաղաքակրթության օրրանն են, և դասական երաժշտության աջակցությունը դադարեցրին՝ թողնելով միայն ժողովրդականը: Երբ 90-ականներին որոշեցին վերականգնել սիմֆոնիկ, օպերային արվեստն իրենց երկրում, պարզվեց, որ ո՛չ դրա լսողը կա, ո՛չ էլ պրոֆեսիոնալ կատարողը: Իսկ այժմ մեծ գումարներ են ծախսում՝ արտասահմանից մասնագետներ հրավիրելով, որ այդ խնդիրը լուծեն: Արդյոք մենք ուզո՞ւմ ենք այդ սխալը կրկնել:
– Հայաստանում երաժշտական խառնաշփոթ է տիրում, ով ինչ տեսակի երաժշտություն ասես՝ մատուցում է, ու այն արագ գտնում է իր լսարանը. ժողովրդի ճաշա՞կն է գնալով ցածրանում, թե՞ երգիչներն են անկիրթ ու միայն գումարի մասին մտածելով՝ մատուցում են ավելի հեշտ ընկալելի, ցածրորակ երաժշտություն:
– Իրոք, որոշակի խառնաշփոթ կա մեր արդի մշակութային կյանքում, և դա ինչ-որ տեղ բնական է, քանի որ գործում է առաջարկության և պահանջարկի գաղափարը: Այդ պայմաններում բնական է, որ հայտնվում են իսկապես անճաշակ կատարումներ: Ամենամտահոգիչը համարում եմ այն երգերի առատությունը, որոնք համեմված են արաբական, մուսուլմանական ծագում ունեցող խաղիկներով: Այդ ամենը քարոզվում է հեռուստաեթերից ու ռադիոյով, անգամ պետական մակարդակով գնահատվում: Չմոռանանք, որ Կոմիտասի առաքելությունն էր մաքրել մեր երաժշտությունը օտարածին երևույթներից:
– Դուք նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում եք աշխատել. ովքե՞ր էին Ձեր հանդիսատեսները: Կարծիքներ կան, որ հիմնականում տարեց կանանց ու քիչ քանակով նաև տղամարդկանց է հետաքրքրում օպերային արվեստը: Դա այդպե՞ս է, թե՞ կարծրատիպ է, և իրականում երիտասարդներին էլ է հետաքրքրում բարձր արվեստը:
– Օպերային արվեստը համաշխարհային մշակույթի մաս է կազմում, և մեր Օպերային թատրոնն իր գործունեության 93 տարիների ընթացքում փառավոր էջեր է ունեցել: Հիմա հետաքրքրությունը օպերայի նկատմամբ, իհարկե, նախկինը չէ: Կա ինտերնետ, երբ դու կարող ես ցանկացած պահի վայելել, օրինակ, Լա Սկալայի երգիչներին: Համեմատելը շատ դյուրին է դարձել:
Տարեց կանանց մասին ինֆորմացիան չգիտեմ՝ որտեղից է, բայց հավաստիացնում եմ, որ Օպերա այցելում է տարբեր տարիքի հանդիսատես, որոնց մեջ երիտասարդներն զգալի թիվ են կազմում: Զարմանալին այն է, որ հաճախ դրսից կարող է օտարազգի ինչ-որ, հաճախ՝ միջին մակարդակի երգիչ գալ, և դահլիճում անշլագ լինի, իսկ մեր կատարողները, որոնք ոչնչով չեն զիջում նրանց, այդ պատվին հազվադեպ են արժանանում: Արդյոք դա փիարի պակասի՞, թե՞ մեր մեջ սերմանված օտարամոլության արդյունք է: Կա նաև այլ ֆենոմեն, երբ մարդը սկսում է գնահատվել հայրենիքում միայն արտերկրում հաջողություններ ունենալուց հետո:
– Տարբեր են մեկնաբանություններն այն մասին, թե ով է լավ երգիչը: Ի վերջո, ի՞նչ եք կարծում՝ լավ երգիչ դառնո՞ւմ են, թե՞ ծնվում. ի՞նչ աշխատանք է պետք տանել ճաշակով երաժշտություն մատուցելու, ճիշտ երգեցողություն ունենալու և երգը ճիշտ մատուցելու համար:
– Լավ երգիչ լինելու համար անշուշտ պետք է բնության կողմից շնորհված լինել գեղեցիկ ձայնով և լսողությամբ: Բայց միայն դա բավարար չէ: Լինում են նաև բնականից, կարծես թե, արդեն մշակված, գեղեցիկ ձայներով երգիչներ, բայց առանց գրագիտության, երաժշտական ճաշակ ունենալու, որը երկար և տքնաջան աշխատանքի արդյունքում է միայն ձեռք բերվում, երգիչը չի կարող իրական և երկարատև ճանաչման հասնել: Նաև մեծ դեր է խաղում ընդհանուր զարգացվածությունը. միայն էմոցիոնալ խառնվածքը բավարար չէ երգելու համար: Ես հաճախ կատակով ասում եմ իմ ուսանողներին, որ երգչի գլուխը պետք է դատարկ լինի, որպեսզի լավ արձագանքի: Բայց սա սոսկ կատակ է:
– Ձեր ոլորտում ի՞նչ խնդիրներ կան, ու ի՞նչ լուծումներ եք տեսնում: Հանրության և պետության կողմից ի՞նչ քայլեր պետք է արվեն այս խառնաշփոթ ու խառնածին երաժշտությունից ազատվելու ուղղությամբ:
– Այն ոլորտը, որում ստեղծագործում եմ, այսինքն՝ դասական երաժշտության ոլորտը, ավելի շուտ պետության առանձնահատուկ հովանավորության և պրոպագանդման կարիքն ունի:
Ամբողջ աշխարհում այդպես է ընդունված, քանի որ դասական արվեստով շատ դժվար է կոմերցիոն եկամուտ ստանալ, մանավանդ ներկայիս հայաստանյան իրականության մեջ: Իսկ հասարակության վերաբերմունքը կփոխվի պետության վերաբերմունքի հետ միասին: Դա նման է երեխա դաստիարակելուն՝ ինչ ցանես, այն էլ կհնձես: Իհարկե, եթե ուզում ենք ունենալ կրթված, խելացի հասարակություն: Իմ խորին համոզմունքն է, որ միայն այդպիսի հասարակությունը կարող է Հայաստանի կայացման և բարգավաճման երաշխիք հանդիսանալ: