Էդուարդ Շարմազանովը «ֆանտաստիկ» լուծումների կողմնակից է
«Մեր վիճակն իսկապես ծանր է և խիստ համարձակություն է պետք նայելու իրականությանը, որից հետո համարձակ քայլեր իրականացնել»,- այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցаության քարտուղար Արամ Մանուկյանը։ Ա. Մանուկյանը համեմատականներ անցկացրեց՝ ցույց տալու համար, թե որքան է ուռճացված պետական ապարատը.
«Մինչև 1998 թվականը եղել է համեստ պետական ապարատ՝ հետևյալ թվերով՝ Ազգային ժողովն ուներ 260 աշխատակազմ՝ 260 պատգամավորներ էին, որոնցից ամեն մեկին սպասարկում էր մի հոգի։ Գնալով պատգամավորների թիվը կրճատվել է, բայց աշխատակազմը գնալով դարձել է՝ 810, այսինքն՝ 6 անգամ յուրաքանչյուրիս սպասարկող թիմն ավելացել է։ Սա շատ մեծ թիվ է։ Բաբկեն Արարքցյանն ուներ 2-3 խորհրդական, Գալուստ Սահակյանն ունի 20 օգնական, խորհրդական, նույնը նախագահականում է»։
Պատգամավորի խոսքով՝ 3 անգամ պետական ապարատն ուռճացվել է.
«2010 թվականի բյուջետային ֆինանսավորումը եղել է 12 միլիարդ դրամ, եկող տարվա համար դուք նախատեսել եք շուրջ 22.7 միլիարդ դրամ։ Այսինքն՝ 10 միլիարդ դրամով մեր պետական չինովնիկական ապարատն ավելացել է։ Խնդիրն այն չէ, որ դուք պետք է կրճատեք այս մարդկանց, եթե դուք այս մարդկանց կրճատեք, արտագաղթը կավելացնեք, կա մի ուրիշ լուծում։ Դուք պետք է գնաք մուտքերն ավելացնելու ճանապարհով»։
Ա. Մանուկյանն ընդգծեց, որ տարեկան 50 հազարով պակասում է բնակչության թիվը, այսինքն՝ այն աղբյուրը, որը պահում է այս ապարատը. եթե անգամ ապարատը չի խոշորանում, մնում է նույն թիվը, ապա նրան սպասարկող բնակչությունը քչանում է։ Եզրափակելով իր խոսքով՝ Ա. Մանուկյանը Վլադիմիր Պոզների հաղորդման ժամանակ հնչած մի միտք մեջբերեց.
«Ստեղծված իրավիճակից դուրս գալու 2 ելք կա՝ ռեալիստական և ֆանտաստիկ, ռեալիստականը՝ մեզ կփրկեն այլմոլորակայինները, և ֆանտաստիկ ՝ մենք ինքներս մեզ կփրկենք»։ Նրա ելույթից հետո Է. Շարմազանովն այսպես արձագանքեց. «Մենք ֆանտաստիկի կողմնակից ենք»։