«Ապօրինի հարստացման դեմ պայքարի գաղափարը միանշանակ դրական է». Վահե Հովհաննիսյան
«Այն, որ պետք է պայքարել ապօրինի հարստացման դեմ, դա միանշանակ է: Գաղափարը լավն է, շատ կարևոր է, բայց հնարավոր է, որ շտապողական քայլերով ոչ միայն օգուտը չտեսնենք, ոչ միայն արժեզրկենք գաղափարը, այլև իսկապես վտանգներ առաջանան` սկսած կապիտալի արտահոսքի վտանգից»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը` մեկնաբանելով ապօրինի հարստացման մասին Քրեական օրենսգրքում այսօր կառավարության կողմից հավանության արժանացած փոփոխությունները:
Ըստ նրա` համաշխարհային պրակտիկան դիտարկելիս՝ երևում է, որ գաղափարը շատ լավն է, բայց ճշգրիտ հաշվարկված քայլերը նույնքան կարևոր են: Վ.Հովհաննիսյանի կարծիքով` որոշումն ընդունելուց հետո այն չպետք է հապճեպ մտնի ԱԺ և ընդունվի, պետք է քննարկել կամ բաց, կամ նույնիսկ փակ: Պատգամավորն ընդգծեց, որ հապճեպ որոշումն ինքնին սխալ որոշման հնարավորություն է տալիս:
Դիտարկմանը, որ նախկինում շքեղության հարկ դրվեց թանկարժեք մեքենաների վրա, իսկ անշարժ գույքի վրա այդպես էլ այդ հարկը չկիրառվեց, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց, որ թանկարժեք մեքենաների վրա շքեղության հարկ սահմանելու հետևանքով սկսեց կրճատվել դրանց մուտքը Հայաստան.
«Առաջին հայացքից՝ լավ նախագծի արդյունքն այնքան էլ դրական չեղավ, իրական կյանքում լրիվ այլ ազդեցություն ունեցավ, սկսեցին այլ կերպ բերել մեքենաները, կամ չբերել, տվյալները փոխել, որ գներն էժան լինեն, և բյուջեն քիչ էր փող մտնում: Շահե՞ց երկիրը, թե՞ ոչ: Բայց թվում էր, թե լավ քայլ է»,- ասաց պատգամավորը:
Վ.Հովհաննիսյանի կարծիքով` ապօրինի հարստությունը, իրոք, պետք է հնարավորինս ստվերից հանել, բայց ճշգրիտ և գրագետ քայլերով.
«Մի քիչ շտապես, մի քիչ սխալ քայլ անես՝ հակառակ էֆեկտը կստանաս տնտեսության համար: Մենք դասական ազատ շուկայական տնտեսությամբ երկիր չենք: Մեզ մոտ տնտեսական իրավիճակը մի քիչ այլ է, մենք հետսովետական երկիր ենք` բավականին դժվար անցումային փուլով»:
Հիշեցնենք, որ ապօրինի հարստացման քրեականացումից հետո հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքն ավելացել է և (կամ) պարտավորությունները նվազել են, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են, անձը պետք է պատասխանատվության ենթարկվի ապօրինի հարստացման համար:
Այս արարքի համար նախագծով նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: