
ՀՀԿ-ում կարծում են, որ Վիգեն Սարգսյանը նոր լիցքեր կհաղորդի կուսակցությանը

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոր լիցքեր կհաղորդի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք շատ ուրախ ենք, որ Վիգեն Սարգսյանը որոշում է կայացրել անդամակցել մեր կուսակցությանը: Ես նրան երկար տարիներ ճանաչում եմ և կարող եմ ասել, որ նա միշտ աշխատել է բարձր պրոֆեսիոնալիզմով և նվիրվածությամբ: Կարծում եմ, որ նա նոր լիցքեր կհաղորդի Հանրապետական կուսակցությանը»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ Վիգեն Սարգսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀԿ-ին անդամակցելու շարժառիթները: «Սահմանադրական բարեփոխումներից հետո գործնականում անհնար է դառնում լինել քաղաքական գործիչ, սակայն չլինել այս կամ այն քաղաքական կուսակցության ներկայացուցիչ: Անկուսակցական քաղաքական գործիչների էպոպեան արդեն անցյակում է:
Դեկտեմբերյան սահմանադրական բարեփոխումների արդյունքները ցույց տվեցին, որ կուսակցությունների դերը պետք է մեծանա: Եթե դուք ցանկանում եք զբաղվել քաղաքականությամբ, դուք պետք է լինեք այս կամ այն կուսակցության անդամ»,- ընդգծեց Շարմազանովը: