
Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդին սպառնում է 5 տարվա ազատազրկում

Թուրքիայում գործող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ձերբակալված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին սպառնում է 5 տարվա ազատազրկում: Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com լրատվական կայքը:
Ադանայի ծանր հանցագործությունների դատարանը առաջարկել է Դեմիրթաշին դատապարտել 5 տարվա ազատազրկման` 2011 թվականին Ադանայում ելույթի ժամանակ ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու մեղադրանքով: Սելահաթթին Դեմիրթաշը ներկայումս ձերբակալված է Էդիրնեի F տիպի փակ ռեժիմով բանտում:
Թուրքիայում նոյեմբերի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը:
Կուսակցության փաստաբանները դիմել էին Դիարբեքիրի դատարանին, սակայն վերջինս վճռել էր, որ պատգամավորների կալանավորումը համապատասխանում է օրենքին` մերժելով ներկայացված բողոքարկումը: Ելնելով այս փաստից` փաստաբանները որոշել են նոյեմբերի 17ին դիմում ներկայացնեն Թուրքիայի Սահմանադրական դատարան: