Բաժիններ՝

«Այս տարի Հայաստանը կունենա շուրջ 5 միլիարդ 849 միլիոն դոլարի պարտք, 2017թ. գնահատականը՝ 6 միլիարդ 245 միլիոնն է»

«Դուք ասացիք՝ հարկային եկամուտներն ավելանալու են 0.3 տոկոսով, արդյոք սա չի՞ հակասում ձեր կառավարության աղմկոտ, ռեֆորմատոր մուտքին, որ գալու եք ու լուրջ ռեֆորմներ անեք՝ ստվերի, կոռուպցիայի դաշտում»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում ՀՀ պետական բյուջեի քննարկման ժամանակ՝  դիմելով նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, հետաքրքրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կա 40 տոկոսանոց ստվեր, այնինչ Վ. Արամյանի զեկույցում գոնե մեկ անգամ չհնչեցին «ստվեր, կոռուպցիա, մենաշնորհ» բառերը. «Բայց մենք  հո գիտե՞նք՝ որտեղ են մեր բյուջեի հիվանդոտ տեղերը, ինչո՞ւ է մեր բյուջեն այսպես խեղճ։ Բյուջեն քաղաքականություն է, դուք թվեր եք ներկայացնում, որոնք բոլորը քաղաքական են։ 0.3 տոկոսը նշանակում է՝ ուղղակի ոչինչ չանել՝ 40 տոկոսանոց ստվերը հարկային դաշտ բերելու առումով։ Տարիներ շարունակ այս դահլիճում մեզ համոզել են, որ ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերությունն ամենևին վերահսկելի է՝ 50 տոկոսը չի անցնում։ Եւ առաջին անգամ այսօր հնչեց, որ արդեն 55 տոկոս ունենք պարտք, և դեռ 2 տոկոս էլ  ավելանալու է։ Խնդում եմ՝ ասեք՝ թվային արժեքով որքա՞ն է ավելանալու, որովհետև ըստ իմ հաշվարկների՝ ոչ թե 2 տոկոսով, այլ ավելի շատ է ավելանալու արտաքին պարտքը։ Մեր հաշվարկներով՝ այն կազմելու է շուրջ կես միլիարդ»։

Վ. Արամյանն էլ ի պատասխան՝ ասաց, որ չի կարծում, որ 0.3 տոկոսը հակասում է կառավարության ձեռնարկած քայլերին. «Որովհետև 40 տոկոսանոց ստվերը վիճակագրորեն գնահատելի է, և ես աշխարհում երկիր չգիտեմ, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում 40 տոկոս ստվերն ամբողջությամբ բերել է բյուջե, դա գրեթե անհնար է։ Մեր գործողությունները պետք է լինեն համաչափ, որովհետև եթե ագրեսիվ գործողություններ կատարես, ու արդյունքում տնտեսվարողների մոտ խեղումներ մտցնես, տնտեսական հոսքերի առումով դա անմիջապես ազդելու է տնտեսական աճի վրա, որովհետև մեր գերնպատակը տնտեսական աճն է, որը  ստեղծում են տնտեսվարողները»։

Նա նշեց, որ երկու գործոն կա, որոնց միջոցով ակնկալում են լրացուցիչ մուտքեր. «Մեկն   օրենսդրությունն է, մյուսը՝ վարչարարական գործողություններն են, գործիքակազմն է, որը պետք է կիրառվի,  և հենց դրա արդյունքում է, որ մենք ակնկալում ենք, որ շուրջ 20-24 միլիարդ  ունենալու ենք լրացուցիչ  մուտքեր, որը ստվերի արդյունքում է լինելու։ Կկարողանա՞նք ավելի շատ բերել,  բնականաբար, ավելի մեծ հնարավորություններ կունենանք՝ այլ ծախսեր կատարենք, ու ուղղենք տնտեսության այն հատվածները, որոնք այսօր  դրա կարիքն ունեն»։

Կարդացեք նաև

Պետական պարտքի վերաբերյալ Վ. Արամյանն ասաց, որ անվանական ցուցանիշներով այս տարի Հայաստանը կունենա շուրջ 5 միլիարդ 849 միլիոն  դոլարի պարտք, 2017 թվականի գնահատականը՝ 6 միլիարդ 245 միլիոնն է. «Եթե 2016 թվականին 54.5 տոկոս պարտք-ՀՆԱ ցուցանիշ ունենանք, ապա 2017 թվականին դա չի անցնի 56.2 տոկոսից։ 2017 թվականին մենք արտաքին հատված շոկ չենք ակնկալում, այնինչ 2 տարի մենք ուղղակի հակազդել ենք շոկերին»։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս