Բաժիններ՝

«Ես ծափահարությունների համար չեմ ներկայացրել այս նախագիծը». Վիգեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողերի հատուցման նախագծի քննարկումը խորհրդարանում ցուցիչ է համարում նրա, որ բոլոր պատգամավորներին հուզում է այն խնդիրը, որը դրված է նախագծի հիմքում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ել ույթում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ կարող են չհամաձայնել միմյանց հետ մեթոդների, ձևերի, դրված հարցադրումների և լուծումների շուրջ, բայց բոլորը համաձայն են, որ սա այն հարցն է, որին բոլոր պատգամավորները, պաշտոնյաները կարող են քննարկման օրեր հատկացնել իրենց բավականին հագեցած օրակարգում:

«Սա շատ կարևոր է, որովհետև ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ, դա անտարբերությունն է: Այս օրերին ես անտարբերություն չզգացի: Ես այստեղ գալիս եմ Եռաբլուրից: Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի 20-ամյակն է: Այնտեղ լինելով՝ ես այցելեցի ապրիլյա ն պատերազմի ընթացքում զոհված մեր հերոսների շիրիմներին և մտածում էի, արդյո՞ք իրականում արդար է և ճիշտ է, որ մենք նոր գիծ ենք քաշում և նոր էջ ենք բացում՝ հույս ունենալով, որ երբեք դրա կարիքը չի լինի, բայց մտածելով մեխանիզմների մասին, որոնք միտված են ապագային և հավասարաչափ պատասխանում են անցյալի մեր ունեցած ցավերին: Ես նայում էի ծնողների աչքերին, նայում էի մեր հերոսների շիրիմներին և հասկացա, որ մենք ճիշտ ենք, որովհետև եթե մենք չենք ունեցել մի զինատեսակ, դա չի նշանակում, որ մենք վաղը չպիտի փորձենք այն ձեռք բերել»,- նշեց նախարարը:

Նախարարը հավելեց, եթե ժամանակին պայքարել ենք առանց խրամատ, դա չի նշանակում, որ չպետք է փորվի նորը, եթե նախկինում չի եղել պաշտպանության այս կամ այն մեխանիզմը, չի նշանակում, որ չպետք է ունենալ այդ մեխանիզմները: «Վստահ եմ, որ մենք անցյալից դասեր քաղելու ճանապարհով պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք ապագայում: Ես այստեղ եմ եկել՝ ամրացած իմ համոզմունքի մեջ, որ կազմել եմ ճիշտ նախագիծ և ճիշտ եմ արել, որ այս տեսքով այն բերել եմ Ազգային ժողով: Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորը քվեարկությունից առաջ լավ մտածեն, որովհետև իսկապես չեմ ցանկանում, որպեսզի ինչ-որ մեկը դեմ քվեարկի այս նախագծին՝ նույնիսկ այն դեպքում, եթե կողմ չէ դրան: Խնդրանքս է բոլորին, ով իր մեջ ուժ չի գտնում կողմ քվեարկել, գոնե թող չմասնակցի քվեարկությանը: Դա ևս կարևոր ազդակ կլինի նրանց համար, ովքեր հետևում են քվեարկությանը»,- ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանն անդրադարձավ վերջին օրերին հայկական բանակի գեներալների և այլ սպաների հասցեին հնչող քննադատություններին: Նա ընդգծեց, որ եթե կա մարդ, ով արատավորել է համակարգը, իր պարտքն է դա հայտնաբերել և բացառել նման դեպքերն ապագայում: «Բայց եկեք չմոռանանք, որ կան նաև պարկետի վրա ցեխի մեջ թաթախված և՛ երբեմնի զինվորականներ, և՛ քաղաքացիականներ: Եթե այդ տրամաբանությամբ լիներ, ես պետք է մտածեի՝ Ազգային ժողով միշտ ե՞ս պետք է գամ, թե՞ մեկին ուղարկեմ իմ փոխարեն, որովհետև այստեղ էլ կան մարդիկ, ովքեր խորը թաթախված են: Ուրեմն եկեք հասկանան ք, թե ում վրա ենք ցեխ շպրտում: Եկեք հասկանանք, որ նույն գեներալների և սպաների կողքին, ում վարքագիծը մեզ դուր չի գալիս, կան հարյուրապատիկները՝ շարքայինից մինչև գեներալ, ովքեր ամեն օր գնում են առաջնագիծ՝ պատրաստ լինելով իրենց կյանքը և առողջությունը զոհաբերել: Զգույշ խոսեք»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա անդրադարձավ նաև վստահության վերականգման վերաբերյալ հնչած մտահոգություններին: Նախարարի խոսքով՝ այդ վստահությունը պետք է միասին վերականգնեն՝ հավելելով, որ այդ առումով շատ երկար ճանապարհ կա անցնելու: «Մենք պետք է, որպես պետություն, թույլ չտանք, որ անվստահության որդը ուտի մեր առաջ գնալու կարողությունը»,-հայտարարեց նա:

Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ հստակեցրեց, որ իր ներկայացրած նախագծի նպատակն է ձևավորել հասարակության հստակ վերաբերմունք հայրենիքի համար իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերած անձանց նկատմամբ: Նա հավաստիացրեց, որ նախագիծը չի ներկայացրել, որ հասարակությունն իրեն ծափահարի: «Ես ծափահարությունների համար չեմ ներկայացրել այս նախագիծը: Սա ոչ թե ծափահարությունների նախագիծ չէ, այլ խոնարհումի նախագիծ է, և խոնարհում ոչ թե իմ, այլ այն անձանց առջև, ովքեր իրենց կյանքն ու առողջությունն են վտանգել մեր խաղաղ ու անվտանգ կեցության համար»,- հավելեց նախարարը:

Եզրափակելով խոսքը՝ Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ բոլոր պատգամավորներին կոչ արեց կողմ քվեարկել ներկայացված նախագծին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս