Օբաման նախազգուշացրել է քարանձավային մակարդակի ազգայնականության վերելքի մասին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է, որ աշխարհում սպասվում է կոպիտ, քարանձավային մակարդակի ազգայնականության վերելք։
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները և ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի առանձնանալու հանրաքվեն՝ Օբաման կոչ է արել պայքարել գաղափարի դեմ, որը մարդկանց բաժանում է օտարների և յուրայինների կամ ըստ կրոնական պատկանելության, հայտնում է BBC-ն։
«Մենք պետք է մտավախություն ունենանք ցեղային գիտակցությունից, որը կառուցված է «մենք» և «նրանք» կոնցեպցիայի շուրջ»,- հայտարարել է Օբաման Աթենքում՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ բանակցություններից հետո։
Մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հաղթանակը՝ Օբաման ասել է, թե նրա հաղթանակն իրեն զարմացրել է։
Այն, ինչ տեղի է ունեցել երկրում, ըստ Օբամայի, նշանակում է, որ ամերիկացի ժողովուրդը փոփոխությունների կարիք ունի։
«Ծանր ժամանակներում մարդիկ ինչ-որ բան կորոնեն և նրանք կընտրեն փոփոխությունները, անգամ, եթե մինչև վերջ վստահ չեն, թե ինչի դա կհանգեցնի».- ասել է Օբաման։