«Այս ժողովրդին դարձնում եք գործ տվո՞ղ, ի՞նչ է». Ռուբիկ Հակոբյան
«Ի՞նչ է նշանակում՝ փաստեր բերեք։ Բա այդ կառույցներն ինչի՞ համար են, այս ժողովրդին դարձնում եք գործ տվո՞ղ, ի՞նչ է»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի՝ պաշտպանության ոլորտում չարաշահումների վերաբերյալ փաստեր ներկայացնելու հորդորին ։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
«Տասնյակ դղյակների մասին են խոսում, մի անգամ մի դղյակ վերցրեք, հրապարակեք, ասեք, որ այս դղյակը գոյացել է կարտոֆիլ, կաղամբ մշակելուց… Այդ ձեր պատասխանները, չեմ կարծում, որ վստահություն են ներկայացնում։ Այս օրենքի տրամաբանությանը, չեմ կարծում, որ որևէ մեկը դեմ է։ Հիմնականում խոսում են անվստահության մասին, բայց եթե այդ հարցերին այդպես եք պատասխանում, ապա դուք ամրացնում եք անվստահությունը»,- հայտարարեց Ռ. Հակոբյանը։
Ի պատասխան՝ Կ. Նահապետյանն ասաց, որ որևէ մեկն այս դահլիճում չունի միամտություն, որ մտածի, թե կոռուպցիա, այդ թվում՝ նաև բանակում, չկա:
«Որևէ մեկը նման բան չի հայտարարել, այո, կան նաև կոռուպցիոն դրսևորումներ, որոնց դեմ մենք պետք է պայքարենք, բայց ոչ այն միջոցներով ու շեշտադրումներով, որ Դուք արեցիք։ Դուք ասում եք՝ բավականին կոռումպացված է, տալիս եք քաղաքական գնահատականներ, ես ասում եմ՝ նման գնահատական տալու համար դուք պետք է փաստեր ունենաք։ Շատ վտանգավոր հայտարարություն արեցիք՝ «ժողովրդին դարձնում եք գործ տվող», ես կարծում եմ՝ մենք ուղղակի ճիշտ չենք, որ ժողովրդին նման գնահատական ենք ուզում տալ։
Մեր ժողովուրդը գործ տվող ժողովուրդ չէ, պարոն Հակոբյան, բայց մեր հայրենակիցները քրեական գործերի վարույթների ընթացքում ունեն նաև որոշակի պարտավորություններ, եթե քրեական գործով ներգրավված են որպես վկա։ Այդ շրջանակներում նրանք պետք է կոնկրետ անձանց դեմ ցուցմունքներ տան։ Մենք չենք դարձնում ժողովրդին այդպիսին»,- ասաց Նահապետյանը։
«Այնքան կուզեի՝ նման կերպ չպատասխանեիք։ Ես մտածում եմ, որ գործ ունեմ իրավաբանի հետ, և ինքը շատ լավ գիտի, որ, եթե հրապարակված է, որ նման դղյակներ կան, որոնք կոռուպցիոն հիմունքներով են կառուցվել, կարող է դա ընդունել՝ որպես փաստ, ու գնա-հետաքրքրվի»,-արձագանքեց Ռ. Հակոբյանը՝ հավելելով, որ ինքը չասաց, որ «ժողովուրդը գործ տվող է», այլ՝ որ նրանք են իրենց գործունեությամբ դրդում ժողովրդին այդպիսին դառնալ։