«Ես պետք է բարձի տակ պահած ինչ-որ հնարավորություն ունենամ». Վարդան Արամյան
Թեև Հայաստանի պետական պարտքն արդեն գերազանցել է ՀՆԱ-ի 50%-ը, ՀՀ կառավարությունը պնդում է, որ այն կառավարելի է և մտահոգիչ չէ: Այդ դեպքում, թե ինչո՞ւ է կառավարությունը գնում կոնսոլիդացիայի և հաջորդ տարվա համար սահմանափակում նոր պարտքի ներգրավումը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր Ծաղկաձորում պարտքի կառավարման թեմայով կազմակերպված սեմինար-քննարկման ժամանակ նշեց, որ կարելի է հաջորդ տարիներին ևս պարտքեր վերցնել, սակայն որքան նոր պարտք ներգրավենք, այդքան ռիսկը կմեծանա:
Ըստ նրա` կարևոր խնդիրը պարտքի կառավարելիությունն է, և, քանի դեռ «կոմֆորտ զոնայում» ենք գտնվում, պետք է հաջորդ տարիների մասին էլ մտածենք: Նախարարի խոսքով, եթե հանկարծ 2018-ին շոկ լինի, ապա պետք է կարողանալ դիմակայել:
«Ես պետք է բարձի տակ պահած ինչ-որ հնարավորություն ունենամ, որ հակազդեմ, որ չգամ ժողովրդին ասեմ՝ կներեք, չկարողացա»,- ասաց Վ.Արամյանը:
Նա նկատեց, որ հնարավոր է պարտքի շեմը վերացնել, բայց աշխարհում գոյություն ունեն կանոններ, որոնք զսպող մեխանիզմ են. «Ամեն ինչ էլ կարող ենք անել, բայց արդյո՞ք դա պետք է»: