
«Հայաստանի կառավարության ներկայացրած ծրագրից առաջին անգամ ծրագրի հոտ է գալիս, միայն բաժակաճառեր չեն». Հարություն Մեսրոբյան

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը գտնում է՝ կառավարության ծրագիրը դեռևս չի կարելի ընկալել՝ որպես լիակատար ծրագիր։ Նրա գնահատմամբ՝ ծրագիրը պետք է ունենա բաղադրիչներ, կապ չունի՝ այն կառավարությա՞ն ծրագիր է, թե՞ կորպորացիայի։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, թե բաղադրիչներից մեկն այն է, որ պետք է գրված լինի, թե ինչ են ուզում անել. «Տվյալ դեպքում խոսքը կառավարության մասին է՝ ինչ պետություն ենք ուզում կառուցել: Երկրորդը՝ ինչ գլխավոր թիրախներ կան, որպեսզի այդ նպատակը ստացվի: Երրորդը՝ ինչ քայլեր են պետք, որը բաժանված կլինի պարբերականությունով, այսինքն՝ երեք ամիսը մեկ, վեց ամիսը մեկ կամ տարին մեկ ինչ կարևորագույն ցուցանիշներ պետությունը պետք է ապահովի: Այդ ցուցանիշները պետք է լինեն և՛ քանակական, և՛ այնտեղ, որտեղ չի կարող լինել քանակական ցուցանիշ՝ պետք է լինի որակական»:
Ամեն դեպքում, Հ. Մեսրոբյանը կարծում է՝ Հայաստանի կառավարության ներկայացրած ծրագրից առաջին անգամ ծրագրի «հոտ» է գալիս. «Վերջապես ինչ-որ կոնկրետ միջոցառումներ են գրված, ինչ-որ կոնկրետ ժամկետներ են դրված, ինչ-որ նոր գաղափարներ կան: Եվ ընդհանրապես զգացվում է, որ միայն բաժակաճառեր չեն, չնայած այդ ծրագիրն ունի որոշ չափով նախկին բոլոր բաժակաճառային ծրագրերի շորշոփ, բայց նաև ունի դրական մասեր»: