«Քրիստոսն առանց որևէ զինվորի՝ գրավեց աշխարհը, ես՝ լինելով հավատացյալ քրիստոնյա, ինչի՞ չէի կարող այդ գյուղը շենացնել». Այգեստանի գյուղապետ

«Ես ամբողջ կյանքում դատախազ եմ եղել, ժողովուրդ ջան, ես չեմ լափել, եթե լափել եմ  ու բերել, դրել եմ գյուղի զարգացմանը, ուրեմն՝ փառք ու պատիվ ինձ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արարատի մարզի Այգեստան գյուղի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ օրերս մամուլում հրապարակումներ եղան, որ Այգեստան գյուղի բնակիչները մշակույթի տան բակում հավաքված՝ սպառնում են երթով հասնել մինչև Արտաշատ-Երևան ավտոճանապարհը և փակել այն, քանի որ, ըստ նրանց հայտարարությունների, Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը պատուհաս է դարձել իրենց համար։

Այգեստանի գյուղապետը վստահ է, որ սա «աթոռի կռիվ» է։ Նա այսօրվա ասուլիսի ժամանակ պարզաբանեց, որ բողոքողները մի քանի հոգի են, որոնք սեպտեմբերի 18-ի ընտրություններում պարտված թեկնածու Հակոբ Հասրաթյանի հարազատներն են, ինչպես նաև՝ նրանք, ովքեր հրաժարվում են հարկերը վճարել։

«Ես գյուղում կատարել եմ 200 միլիոն դրամի ներդրում՝ ոչ մի տեղից ոչ մի լումա չստանալով։ Երբ ընտրվեցի գյուղապետ, գյուղապետարանի բյուջեում կար 23 հազար դրամ փող, բայց ես գիտեի, որ Քրիստոսը՝ առանց որևէ զինվորի գրավեց աշխարհը, ապա ես՝ լինելով հավատացյալ քրիստոնյա, ինչի՞ չէի կարող այդ գյուղը շենացնել։ Եվ ես կպա գործին՝ ապացուցելու, որ ես հայի այլ տեսակ եմ։ Կարող է՝ շատերը մտածեն, որ այդ տեսակը շատ հիմար է, շատ նվիրյալ, բայց ես այդպիսին եմ»,- հայտարարեց Ս. Հովսեփյանը։

Կարդացեք նաև

Նա նշեց, որ ինքը կոմունիստ է եղել, հիմա էլ հոգով կոմունիստ է, բայց վերջերս ՀՀԿ-ի անդամ է դարձել։ Նրա խոսքով՝ ինքը 49 ձայնով հաղթել է անկուսակցական Հակոբ Հասրաթյանին, որը, ըստ նրա, մեծ ցեղ ունի գյուղում։

«Թեժ պայքար է գնացել, պարտված թեկնածուն ասում էր մարդկանց՝ հարկերը մի տվեք, ես կգամ ձեր հարկերը կջրեմ, ես էլ ասում էի՝ սա ծիծաղելի է, պարտված թեկնածուն բացարձակապես չունի կրթություն, եթե 5 տողանոց թելադրության մեջ նա 20 սխալից պակաս կանի, ես պատրաստ եմ հենց վաղն էլ հրաժարական տալ։ Նա մարդ է, որն աշխատանքային կենսագրություն չունի, աշխատանքային գրքույկ չունի, որևէ տեղ չի աշխատել»,- նշեց գյուղապետը։

Նա նաև պատմեց, որ գյուղի դատախաղ Արմեն Կարապետյանն էլ 2013 թվականից թշնամացել է իր հետ. «2013 թվականին սրա պարտքերը կազմում էր 620 հազար։ Ես ասացի՝ թող գա, հարկերը վճարի, թե չէ լավ չի լինելու, տեսա՝ չի բերում, ասացի՝ եթե 3 օրում չբերես-տաս, քո վարքագծի մասին գրելու եմ գլխավոր դատախազին։ Բերեց, հարկը տվեց, բայց այդ օրվանից ես թշնամի եմ վաստակել։ Այդ ամբողջ քարոզարշավն իմ դեմ կազմակերպում էր այդ Արմեն Կարապետյանը»։

Ս. Հովսեփյանը նաև նշեց, որ ինքը 75 մարդու տվել է դատարան, որոնց հարկային պարտավորությունը կազմում է 3.5 միլիոն դրամ. «100 գործ նորից պատրաստ է, որ պետք է ուղարկեմ դատարան։ Հենց նրանք են դուրս եկել բողոքի, նրանք ասում են՝ դու մեր գործն ուղարկում ես դատարան, մենք չբողոքե՞նք։ Ես ասում եմ՝ դուք պետք է հարկը տա՞ք, թե՞ չտաք, եթե դուք չտաք, այդ գյուղի եկամուտն ինչպե՞ս պետք է հավաքվի։ Չեն ուզում տալ, ես էլ ասում եմ՝ ես իմ պարտականությունն եմ կատարում, դժգո՞հ եք, գնացեք բողոքեք։ Այստեղ ես քննադատական խոսք եմ ուզում ասել մեր նախկին իշխանություններին, որ հարկերը 2008 թվականին չեղյալ համարեցին, ու մարդկանց մոտ այն հոգեբանությունը ձևավորվեց, որ տալիս են, էլի կտան։ Եւ գյուղապետն այսօր կանգնած է երկու քարի արանքում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս