Բաժիններ՝

«Սա պարտադիր է, եթե մենք ուզում ենք ապրել պաշտպանված և ամուր երկրում». Վիգեն Սարգսյանը` ապահովագրական հիմնադրամին փոխանցվելիք 1000 դրամների մասին

«Պաշտպանության բանակը և Զինված ուժերն ամեն ինչ անելու են` կանխելու համար Ադրբեջանի հարձակումները»,- այսօր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` նշելով, որ նախորդ գիշեր ևս առաջնագծում անհանգիստ է եղել:

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքի, սոցապահովությանը վերաբերող այս օրինագիծը, ըստ նրա, ունի մի քանի սկզբունք` պետք է հասկանալի լինի յուրաքանչյուր քաղաքացու ու նվիրատուի համար, ստեղծվող հիմնադրամի կառավարումն ապահովի առավելագույն շահույթ, և այլն:

Օրինագծով, հիշեցնենք, քաղաքացիներն իրենց աշխատավարձից ամսական 1000 դրամ կվճարեն հատուկ այդ նպատակով ստեղծվող հիմնադրամին, որը կմիավորի և՛ պետությունից, և՛ հասարակությունից ստացվող դրամական միջոցները: Նվազագույն աշխատավարձ ստացողները վճարումներ չեն անի:

Վ. Սարգսյանը նշեց, որ Հայաստանում կա գործազրկության բավական բարձր մակարդակ, իսկ ԶՈՒ-ն առաջարկում է լայն հնարավորություններ պայմանագրային ծառայության առումով, սակայն հաճախ պարզ հարց է հնչում` ի՞նչ կլինի իմ ընտանիքի հետ, եթե ինձ հետ մի բան պատահի: Նախարարի կարծիքով՝ այս նախագծի ընդունման արդյունքում հանրությունը պատասխանում է, որ բոլորն են կանգնում զինվորի կողքին:

Նախարարը նշեց, որ բոլոր միջոցները նախ՝ մուտքագրվելու են ՀՀ պետական բյուջե, և հետո միայն բյուջեից ուղղորդվելու են հիմնադրամ: Ըստ նրա` եթե այս գումարները պետք չլինեն, խորհրդի որոշմամբ դրանք կտրամադրվեն նախորդ տարիներին հաշմանդամություն ստացած կամ զոհված զինծառայողներին. «Ես շատ կցանկանայի, որ Հայաստանը նման օրենքի անհրաժեշտություն չունենար, բայց մենք պատերազմող երկիր ենք»:

«Սա սոցիալական խավին ուղված, բայց իրականում պաշտպանական բնույթի քաղաքականություն է: Սա քաղաքականություն է, որն ամրագրում է մեր վերաբերմունքն այդ խմբին՝ որպես ժողովուրդ: Թեև այս օրերին այդ տերմինին մի փոքր այլ կերպով են սկսել վերաբերվել, բայց, այո՛, սա ազգ-բանակ գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականություն է, որ բոլորս ամեն ամիս մեր աշխատավարձից լրացուցիչ առանձին տողով մտածում ենք մեր զինվորի մասին: Սա պարտադիր է, եթե մենք ուզում ենք ապրել պաշտպանված և ամուր երկրում»,- ասաց Վ.Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս