Բաժիններ՝

«Մի գյուղում հարցում էինք կատարում, տատիկ-պապիկին հարցրեցինք՝ ե՞րբ եք վերջին անգամ լողացել՝ նայեցին իրար, ծիծաղեցին». սոցիոլոգ

«Մեր վերջին տվյալներով՝ մեր բնակչության 50 տոկոսն աղքատության շեմից ներքև է գտնվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարի ամեն 6-րդ ընտանիք ապրում էր դրսից եկող գումարներով, այս տարի՝ ամեն 7-րդը, այսինքն՝ կրճատվել է դրսից եկած գումար ստացողների թվաքանակը։ Սոցիոլոգը նշեց, որ իրենց աղքատ են ճանաչում ընդամենը 19 տոկոսը, և ըստ նրա՝ սա հարաբերական աղքատություն է, որովհետև այն գումարը, որը մարդիկ ունեն, բավարարում է նրանց բավականին նվազագույն կարիքներին։

«Մի գյուղում հարցում էինք կատարում, տատիկ-պապիկին հարցրեցինք՝ ե՞րբ եք վերջին անգամ լողացել՝ նայեցին իրար, ծիծաղեցին, քանի որ մոռացել են՝ երբ են լողացել, որովհետև ջուր ունենալը, տաքացնելը, լողանալն իրենց համար բավականին մեծ շքեղություն է»,- նշեց Ա. Ադիբեկյանը։

Սոցիոլոգի դիտարկմամբ՝ ընդհանուր տնտեսական անկում կա. և՛ Եվրոպայում, և՛ Ռուսաստանում աղքատության շեմը բարձրացել է, սպառումը պակասել է, ինչը նաև մեզ վրա է արտացոլվում.

«Բարեկեցության մակարդակով մենք գտնվում ենք աշխարհի վերջին 1/3-րդ երկրների շարքում, մեր ամենամեծ հաջողությունն ինտերնետի մատչելիությունն է՝ 17-րդն ենք աշխարհում։ Ծերերի խնամքի, առողջապահության առումով՝ մենք բավականին զիջող ենք։ Կա երջանկության վարկանիշ, մենք այդ վարկանիշով Զիմբաբվեի կողքին ենք՝ 135-րդ տեղում: Հայերի մոտ երջանկությունը երբեք կյանքի նպատակ չի եղել: Ամենաերջանիկ երկրները կուրորտային երկրներն են, որտեղ ապելակերպը բավականին էժան է, լիմուզին պետք չէ, ինքնաթիռ պետք չէ, ամեն ինչ ձեռքի տակ է»:

Ա. Ադիբեկյանը նկատեց, որ մեր երիտասարդների 70 տոկոսն իր ապագան տեսնում է դրսում, այն պարագայում, որ կարող է համարեն, որ իրենց կենսամակարդակը նորմալ է: «Մենք հոգեբանորեն բավականին ուժեղ ազգ ենք, կարողանում ենք դիմակայել հարվածներին, դրա պատճառով աղքատությունը մեզ մոտ մի քիչ մեղմանում է»,- նկատեց Ա. Ադիբեկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս