«Հայաստանի համար շատ կարևոր է, թե ով է լինելու ԱՄՆ պետքարտուղարը». Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով 168.am-ի հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա ԱՄՆ նոր նախագահի՝ Դոնալդ Թրամփի ընտրությունն աշխարհաքաղաքական զարգացումների, ըստ այդմ նաև՝ Հայաստանի և ԼՂ հարցի վրա, ասաց, որ հարցն ամենահանելուկայիններից է. «Որևէ մեկը դրա պատասխանը չունի, որովհետև Թրամփն անգամ Ամերիկայի քաղաքականության մեջ չի եղել և քաղաքականության երևույթին ընդհանրապես քաջածանոթ չէ: Իհարկե, որպես միլիարդատեր՝ լոբբիզմին ծանոթ է, որովհետև լոբբիզմով է զբաղվել նաև սեփական բիզնես հետաքրքրությունների համար: Բայց միջազգային բնագավառում, ակնհայտորեն, բոլորովին նոր է իր փորձառությունը: Դրա համար հատկապես այս տարածաշրջանը, որը շատ բարդ է, իսկ Հարավային Կովկասը նրան լիովին անծանոթ է, որևէ կռահումներ անել չի կարելի: Այստեղ շատ կարևոր է, թե ով է լինելու պետքարտուղարը»:
Ըստ նրա՝ հենց պետքարտուղարն է շատ հաճախ ուղղորդելու քաղաքական վեկտորները՝ հատկապես մեր տարածաշրջանում. «Պետք է սպասենք: Երեկ արդեն մի նյութ տեսա, որտեղ բերվում էին հնարավոր թեկնածուների մի քանի անուններ, որոնցից գոնե մեկն ինձ մտահոգեց: Նրան Հայաստանում չեն ճանաչում, բայց ամերիկյան քաղաքականության մեջ լավ գիտեն, և հուսամ՝ չի ընտրվի»:
Քաղաքագետը նկատեց՝ եթե Հիլարի Քլինթոնն ընտրվեր, ապա ամեն ինչ ավելի հայտնի կլիներ, բայց մեզ համար բացասական առումով հայտնի կլիներ, որովհետև Քլինթոնը, ըստ նրա՝ ուներ մեծապես պրոթուրքական, պրոադրբեջանական, բրոսաուդական հակվածություն. «Իհարկե, Հանրապետական կուսակցությունը հրեշտակների կուսակցություն չէ՝ վերնախավի առումով, և մեծ հարցականներ կան, բայց այն, ինչ երաշխավորված էր Քլինթոնի պարագայում, հիմա արդեն հարցականի տակ է»:
Մեր դիտարկմանը՝ Թրամփն այնուամենայնիվ նախընտրական շրջանում խոսել է մեր տարածաշրջանից, մասնավորապես՝ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը համարելով ԱՄՆ պատմության վատագույն համաձայնագրերից մեկը, անդրադարձել Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին, տեսնում էր ՌԴ-ի հետ համագործակցություն, նա այսպես արձագանքեց. «Ամերիկյան քաղաքական գործիչների մեծամասնության համար Իրանը տարածաշրջան չէ, կամ տարածաշրջանն Իրան չէ. այն առանձին միավոր է, որը քաղաքական գործիչների համար չափազանց կարևոր կետ է քարտեզի վրա ու որը չի տարածվում հարևան երկրների վրա: Իհարկե, Իրանի հետ գործարքի վերաբերյալ հայտարարությունը բավական խնդրահարույց է, բայց Թրամփն ասել է հետևյալ ձևակերպմամբ՝ եթե ես լինեի նախագահ այն ժամանակ, երբ քննարկվում էր գործարքը, ապա ես կստանայի ԱՄՆ-ի համար շատ ավելի լավ գործարք: Եվ ասել է, որ դա խայտառակ գործարք էր, և այլն: Հիմա, թե դա նշանակում է, որ կվերանայի՞ գործարքը, որը միջազգային օրենքների և կոնվենցիաների առումով խիստ դժվար հանգամանք է, թե՞ չի վերանայի, պետք է դարձյալ սպասենք և կտեսնենք»: