
«Փորձում են նոր կառավարությունով, նոր ծրագրերով ներկայացնել փրկիչների, որոնք կգան՝ մեզ կփրկեն». Վահագն Խաչատրյան

«Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի երեկվա հայտարարությունից հետո ես համոզվեցի, որ ոչինչ չի փոխվել մեր կառավարման համակարգում, ու ամեն ինչ կապված է անձերի հետ: Միտումը, որ կար և էլի շարունակվելու է՝ մեզ փորձում են նոր կառավարությունով, նոր ծրագրերով ներկայացնել փրկիչների, որոնք կգան՝ մեզ կփրկեն: Բայց կյանքը ցույց է տալիս, որ ոչ մի փրկիչ էլ մեզ համար ըստ էության ոչինչ չի անում, ամեն մեկն իր անձի համար է անում: Ցավոք, գործող կառավարությունը որպես ինստիտուտների գործունեության մեջ փոփոխություն անող մարմին հանդես չի գալիս, ու իմ անհանգստությունը դրա հետ է կապված: Պետեկամուտների կոմիտեի ղեկավարն էլ երեկ ասաց, որ պետությունը հանդիսանում է ցանկացած բիզնեսի փայատեր, ու այդ բիզնեսի մեջ փայի ներկայացուցիչը հարկային մարմինն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման դիտարկումներով հանդես եկավ տնտեսագետ, Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) անդամ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ չի կարող պետությունը բիզնեսում փայ ունենալ ու ներկայանալ՝ որպես հարկային մարմին. «Սա տնտեսագիտության մեջ նոր ձևակերպում է, ես նույնիսկ կասեի՝ գռեհիկ սոցիալիզմ է»:
Հենց այս տրամաբանությամբ աշխատելն է, ըստ նրա՝ հարկային մարմինների պահվածքի պատճառը.
«Գալիս են բիզնեսի ներկայացուցիչների մոտ, ասում են՝ մեզ պետք է այսքան հարկ վճարեք, այսքան աշխատող պետք է ընդունեք՝ այսինչ աշխատավարձով: Սրանով, փաստորեն, խաթարվում է ամենակարևոր սկզբունքը, որ շուկայական տնտեսությանն է բնորոշ. սեփականության անձեռնմխելիության գաղափարն է հարցականի տակ դրվում»:
Տնտեսագետի խոսքով՝ ցավալի է, որ բիզնեսից կառավարություն եկած անձինք սկսում են բիզնեսին նայել պետական չինովնիկի դիրքից, որ իրենք են ճիշտ.
«Ճիշտն իրենք չեն, այլ մենք ենք՝ սպառողներս, և բիզնեսի ներկայացուցիչները, որոնք ռիսկ են ունենում ու զբաղվում բիզնեսով»:
Անդրադառնալով բյուջեի նախագծին, տնտեսագետն այն որակեց՝ հետընթաց.
«2017թ. բյուջեն իր բոլոր պարամետրերով զիջում է 2016թ. բյուջեին, նաև իր մակրոտնտեսական կանխատեսումների շրջանակով է զիջում: 300 մլրդ-ով պակաս է լինելու ՀՆԱ-ն: Տնտեսական աճն այս տարի ֆիքսելու են 2.4%-ի վրա, երբ բոլոր կանխատեսումներով մինչև օգոստոս ամիսը նախատեսվում էր 3.2-3.6% տնտեսական աճ: Այսինքն՝ հստակ երևում է, որ նահանջ կա, բայց սրա մասին քիչ են խոսում, որովհետև հաճելի չէ»:
Նրա խոսքով՝ տնտեսական ծրագրերում պետք է հաշվի առնել ժողովրդագրական տվյալները.
«Մենք տարեկան 48-50 հազար մարդ ենք կորցնում, նրանք Հայաստանից մեկնում են, այսինքն՝ 2008թ. մինչ օրս 450 հազար մարդ կորցրել ենք, այդքան սպառող էլ չկա: Սա պետք է բոլոր տնտեսական ծրագրերում հաշվի առնել, այլապես որևէ կանխատեսում իրականություն չի դառնա, ու կունենանք այնպիսի իրավիճակ, ինչպիսին այսօր ունենք»:
Տնտեսագետն ընդգծեց՝ բյուջեն չի կատարվել, բայց որևէ մեկը դրա համար պատասխան չի տալիս.
«Բյուջեն օրենք է, օրենքի չկատարումը համապատասխան միջոցառումներ է նախատեսում: Որևէ մեկը դրա համար պատասխան չի տալիս, և համատարած անպատասխանատվության մթնոլորտում ամեն տարի նույն ժամանակահատվածում քննարկում ենք բյուջեն ու փորձում դրա շրջանակներում տարվա ընթացքում վերլուծություններ անել, որոնք ոչ մի արժեք չունեն»: