Toyota-ն էլեկտրամոբիլների զանգվածային արտադրություն է գործարկելու
Toyota Motor ճապոնական ավտոմոբիլային կորպորացիան մինչեւ 2020 թվականը կգործարկի էլեկտրամոբիլների զանգվածային արտադրություն: Ինչպես նոյեմբերի 7-ին հայտնել է «Նիկեյ» գործարար թերթը, կորպորացիան մտադիր է մշակել ավտոմեքենա, որը կկարողանա առնվազն 300 կիլոմետր անցնել մարտկոցի մեկ լիցքավորմամբ: Նրա համար հարթակ կարող են դառնալ Prius մոդելները կամ Coroll a սեդանը։
Գլխավոր խնդիրը, որը պետք է լուծեն ինժեներները, կուտակչային մարտկոցների մշակումն է, որոնք կկարողանային աշխատանքի բավարար ժամանակ ապահովել: Բացի այդ, հաճախորդները պետք է հնարավորություն ունենան արագորեն լիցքավորել դրանք: Մարտկոցների մշակմամբ զբաղվելու է Toyota Motor-ի հատուկ ստորաբաժանումը: Դրա հետ մեկտեղ, ղեկավարությունը քննարկում է նաեւ կողմնակի արտադրողից էլեկտրամոբիլների այդ հանգուցային բաղադրիչների գնման տարբերակը, որպեսզի նվազեցնի մեքենայի արժեքը՝ դրա բարձր բնութագրերը պահպանելով հանդերձ:
Toyota էլեկտրամոբիլների զանգվածային արտադրության գործարկումը ժամանակի առումով կարող է համընկնել 2020 թվականի ամառային Օլիմպիադայի հետ, երբ համաշխարհային հանրակցության ողջ ուշադրությունը կկենտրոնանա Ճապոնիայի վրա:
Արտադրողն առաջին հերթին կկողմնորոշվի դեպի այն երկրների շուկա, որոնց կառավարությունները նպաստում են էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների զարգացմանը: Օրինակ՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում կոչ են անում որոշակի տոկոս սահմանել բոլոր վաճառքներից, որը պետք է բաժին ընկնի «կանաչ» ավտոմեքենաներին, իսկ Չինաստանում պետությունը սուբսիդիաներ է հատկացնում էլեկտրամոբիլներ գնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: