
ԼՂՀ վարչապետը ներկայացրել է առաջնագծում տեղի ունեցած փոփոխությունները

Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողի զինանոցն այսօր ավելի է համալրված սարքավորումներով: Այս մասին նոյեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ համատեղ ասուլիսին ասել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ապրիլյան պատերազմից հետո ինչ փոփոխություններ են եղել մարտական դիրքերում:
«Ապրիլի 3-ին, ինչպես գիտեք, Կառավարության կողմից կոորդինացնող խումբ էր ստեղծվել, որը նաեւ հաշվեհամար էր բացել:
Դրա միջոցով ցանկացողները կարող էին ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Հավաքված գումարի մասին մենք եռամսյակը մեկ հաշվետվություն ենք ներկայացնում` հնարավորինս փորձելով հայտնել, թե ինչ աշխատանքներ են կատարվում: Առանց կոնկրետացնելու կարող եմ ասել, որ զինվորն այսօր ավելի է համալրված սարքավորումներով, շատ մեծ ինժեներական աշխատանք է կատարվել դիրքերում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ Արցախի վարչապետի` 2017 թվականի պետբյուջեով նույնպես գումար կտրամադրվի բանակին: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բոլոր կատարված փոփոխությունների հարցում յուրաքանչյուրը կարող է համոզվել` առաջնագիծ այցելելով: