ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագիրը կստարգրվի ապրիլյան ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո
Երեկ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն ուշագրավ տեղեկություն հայտնեց ՀՀ-ԵՄ բանակցվող շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ։ Նա հայտարարեց, թե Հայաստանի համար առաջնային է մնում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը, ապա նշեց. «Փաստաթղթի ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցության բաժինը դեռ քննարկվում է, նախաստորագրումը, հավանաբար, կտեղափոխվի եկող տարի՝ ապրիլ ամիս»: Կ. Նազարյանը նաև հույս հայտնեց, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը կշարունակվի: Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ 2015թ. դեկտեմբերին մեկնարկած նոր համապարփակ փաստաթղթի շուրջ բանակցությունների 6 փուլ արդեն կայացել է, հաստատվել է 2 կարևորագույն ծրագրերին Հայաստանի մասնակցությունը` Փոքր և միջին ձեռնարկությունների ծրագիրը և «Հորիզոն 2020», շարունակվում են ընդհանուր օդային գոտու շուրջ բանակցությունները, և այլն:
168.am-ի բրյուսելյան աղբյուրների համաձայն՝ ՀՀ-ԵՄ բանակցություններն ընթանում են բավականին լավ ռիթմով՝ կողմերն ամիսներ առաջ են ավարտել համաձայնագրի քաղաքական բաղադրիչի շուրջ բանակցություններն ու անցել առևտրի և ներդրումների ոլորտներին վերաբերող համաձայնեցումներին, որոնք նախատեսում են ավարտել առաջիկա ամիսների ընթացքում։
Ըստ մեր տեղեկությունների՝ 2013թ. Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ՝ Ռուսաստանի կողմից ղեկավարվող Մաքսային միությանը միանալու որոշման հրապարակումից և Ասոցացման համաձայնագրի ԽՀԱԱԳ պայմանագիրը ստորագրելու հրաժարումից երեք տարի անց դեռ ամբողջովին չի վերացել անվստահության մթնոլորտը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում։
Ավելին, ըստ մեր բրյուսելյան աղբյուրների, Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ ուկրաինական և հայկական զարգացումներից հետո պաշտոնական Բրյուսելը փոխել է իր քաղաքականությունը ԱլԳ երկրների իշխանությունների նկատմամբ և այլևս աչք չի փակի նրանց վարած քաղաքականության վրա։
«Բրյուսելն իր տեսակետը Երևանին ներկայացրել էր Հայաստանում կայացած հանրաքվեի ընթացքում գրանցված կեղծիքների վերաբերյալ։ Ակնհայտ է, որ ՀՀ-ԵՄ վերսկսված բանակցությունները նոր համաձայնագրի համար քիչ ժամանակ էին պահանջելու՝ հաշվի առնելով 2013թ. նախորդած բանակցային փուլը, որը ներառել էր թե՛ քաղաքական, թե՛ առևտրային բանակցություններ, իսկ ապագա համաձայնագրի համար անհրաժեշտ էր ընդամենը դուրս բերել նախորդ համաձայնագրից այն կետերը, որոնք հակասում են Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։ Բանակցությունները շարունակվել են մինչև վերջերս և համարյա թե մոտեցել են իրենց ավարտին։
Սակայն համաձայնագիրը եվրոպական կողմը չի նախատեսում ստորագրել ոչ շուտ, քան Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք է կայանան մյուս տարվա ապրիլի սկզբին։ Միայն այդ ընտրությունների արդյունքներից հետո հստակություն կմտնի համաձայնագրի ստորագրման ժամկետների հարցում, քանի որ եվրոպական կողմն արդար ընտրություններ է ակնկալում՝ առանց կեղծիքների, որի դեպքում ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա խորացումն իմաստավորված կլինի՝ հաշվի առնելով Երևանի և Բրյուսելի արժեքային համակարգը»,- փոխանցեց մեր աղբյուրը։
Մեր զրուցակիցը շեշտեց, որ Բրյուսելը մեծ ոգևորությամբ է ընդունել Ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական ողջ դաշտի համաձայնությունը։ «Դրան պետք է հաջորդի այդ օրենսգրքի կիրառումը, ինչը ևս կարևոր է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։