«Եթե ավելի ինտենսիվ աշխատենք, ապա ոչ միայն թուրք-ադրբեջանական շրջափակումը կվերացվի, այլ նաև Հայաստանը կունենա բոլորովին այդ դերակատարություն». իրանագետ
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Իրան է գործուղվում Հայաստանի կառավարական պատվիրակություն՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ: Լուրեր են շրջանառվում, որ այցի նպատակն Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) հետ գազի բնագավառում համագործակցության ընդլայնումն է:
Քանի որ պատվիրակության ղեկավար Հայկ Հարությունյանը միաժամանակ հանդիսանում է նաև երկու ամիս առաջ Իրանից գազի ներմուծման և արտահանման նպատակով ստեղծված «Էներգաիմպեքս» պետական ընկերության խորհրդի նախագահը, այս հանգամանքը փորձագիտական հանրության մոտ ենթադրությունների տեղիք է տվել, որ պատվիրակությունն Իրան է մեկնում իրանական գազի ներմուծման և արտահանման ոլորտում կոնկրետ համաձայնագրի կնքման նպատակով:
Այս թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ
– Պարոն Ոսկանյան, թեև ավելի վաղ Իրանից Վրաստան գազ մատակարարվել էր Հայաստանի միջոցով, բայց ի՞նչ եք կարծում՝ դա շարունակական կդառնա՞, թե՞ ադրբեջանական SOCAR ընկերությունը, այնուամենայնիվ, կփորձի ավելի էժան գնով գազ մատակարարել Վրաստանին, քանի որ նման փորձ արդեն կա, երբ այդ ընկերությունն ամիսներ առաջ ոչ միայն համաձայնեց 500մլն խ/մ-ով ավելացնել Վրաստանին մատակարարվող գազի ծավալները, այլև էժանացնել սակագինը։
– Ըստ էության, Հայաստան-Իրան համագործակցության երկկողմ շրջանակը տարբեր ձևաչափերով ընդլայնվել է կամ միտում ունի ընդլայնվելու։ Խոսքն արդեն իսկ Երևանում ստորագրված հուշագրի մասին է, որտեղ 4 կողմերը՝ Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանն ու Իրանը, պայմանավորվել են էներգետիկ միջանցքի ստեղծման վերաբերյալ և նաև՝ Հայաստան-Իրան գազատարի հնարավորությունների օգտագործման պայմանների առկայության դեպքում էլ վրացական կողմը կարծես թե շահագրգիռ է, որպեսզի դիվերսիֆիկացնի իր գազային սնուցման աղբյուրնեը՝ այդտեղ ներգրավելով նաև իրանական գազը։ Արդեն ամռանը, ինչպես նշեցիք՝ Հայաստանը գազի որոշակի խմբաքանակ վաճառել է Վրաստանին։
Հայաստանը ձեռնարկել է շատ կարևոր քայլ՝ ստեղծելով հատուկ պետական ընկերություն, որը զբաղվելու է իրանական գազի վաճառքով։ Հայաստանը բանակցային տարբեր ձևաչափերում (նաև էներգետիկայի նախարարի մակարդակով) Իրանի հետ նախնական համաձայնություններ ձեռք է բերել։ Առաջիկայում նախատեսված հայկական պատվիրակության այցն էլ ցուցիչ է առ այն, որ նախ՝ մեր և իրանական կողմից են քայլեր ձեռնարկվում առկա գազատարի հնարավորությունների օգտագործումն ընդլայնելու համար, և երկրորդ՝ չեմ կարծում, որ վրացական կողմի շահագրգռվածության բացակայության դեպքում այս ամենը հնարավոր կլիներ անել։
Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա. պետք է նկատի ունենալ, որ Հայաստան-Իրան գազամուղը պատկանում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը, հետևաբար՝ կարող ենք ենթադրել, որ ռուսական կողմի համաձայնությունն էլ կա այս գործարքներն իրականացնելու առումով։ Սա դրական հույսեր է ներշնչում, որ Հայաստանը հնարավորություն ունի իրանական գազը տարանցել սկզբնական շրջանում՝ դեպի Վրաստան, իսկ ավելի հեռու ապագայում՝ միգուցե նաև Եվրոպա և այլ երկրներ ևս։ Սա շատ կարևոր քայլ է ոչ միայն՝ տնտեսական իմաստով, քանի որ ակնհայտ է, որ նման տարանցումից Հայաստանն ստանալու է լուրջ տնտեսական օգուտներ, այլ նաև՝ կարևորագույն քայլ է այն ծրագրի կամ գործողությունների այն բույլի շրջանակում, որոնք միտված են՝ իրանական հնարավորությունների օգտագործմամբ՝ Հայաստանը ադրբեջանաթուրքական շրջափակումից դուրս բերելուն։ Խոսքը վերաբերում է ոչ միայն այս գազատարի օգտագործմանը, այլ նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությանը, որը պետք է հնարավոր բոլոր միջոցներով արագացնել, բայց անշուշտ՝ ոչ որակի հաշվին, ինչից հետո Հայաստանը կարող է նաև այս ոլորտում լրջագույն խաղացող հանդիսանալ։
– Այսինքն՝ թուրք-ադրբեջանական շրջափակումից դուրս գալու ռեալ շանսեր ունենք։
– Եթե ավելի ինտենսիվ աշխատենք, ապա ոչ միայն՝ թուրք-ադրբեջանական շրջափակումը կվերացվի, այլ նաև՝ Հայաստանը կունենա բոլորովին այլ դերակատարություն՝ դառնալով կարևորագույն կապող օղակ Պարսից ծոցի և Սև ծովի միջև, ինչին կողմնակից են նաև իրանցիները, և այս մասին բազմիցս արտահայտվել են բազմաթիվ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական գործիչներ։
Սա նաև ունի կարևոր հոգեբանական նշանակություն. ըստ էության, մեր հասարակության մեջ հոռետեսական տրամադրությունները, փակուղային երկիր լինելու տրամադրությունները նման քայլերի միջոցով կարող են վերափոխվել, պատկերավոր ասած՝ մայրուղայինի։
– Պարոն Ոսկանյան, նշեցիք, որ քանի որ Հայաստան-Իրան գազամուղը պատկանում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը, հետևաբար՝ կարող ենք ենթադրել, որ ռուսական կողմի համաձայնությունն էլ կա այս գործարքներն իրականացնելու առումով։ Ռուսական կողմի համաձայնությունն ինչո՞վ եք պայմանավորում։
– Բավական բարդ է քաղաքական բաղադրիչը մեկնաբանել՝ առկա տեղեկատվական սղության պայմաններում, բայց կարելի է ենթադրել, որ գործարքն ունի նաև ֆինանսական արդյունավետության բաղադրիչ, ու բնական է՝ Ռուսական «Գազպրոմը» նման գործարքից, անշուշտ, կունենա սեփական մասնաբաժինը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գազատարը պատկանում է նրան։ Եթե քաղաքական բաղադրիչը վերլուծելու լինենք ու ամբողջ գործընթացը դիտարկենք Հայաստանին նոր սպառազինություններ տրամադրելու գործընթացում՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի դերակատարությունը բարձրացնելու համար, ապա դա տրամաբանական է, որովհետև ցանկացած երկիր ձգտում է ունենալ ավելի ուժեղ, ավելի զարգացած, կայուն ու տարածաշրջանում լուրջ դերակատարում ունեցող դաշնակից։ Այս համատեքստում հակառակն անելն անտրամաբանական է թվում։