Ո՞վ է Պոլսո Հայոց պատրիարքի հավանական թեկնածուն. պարզաբանում է Ռուբեն Մելքոնյանը
«Պատմականորեն այնպես է ստացվել, որ Թուրքիայի հայությունը չունի այլ կազմակերպչական մարմին, և միակ կառավարման մարմինը, որը կարող է հայության շահերը ներկայացնել թուրքական իշխանական տարբեր ինստանցիաներում, Պոլսո Հայոց պատրիարքությունն է։ Պատրիարքն էլ համարվում է այդ համայնքի ոչ միայն հոգևոր, այլ ընդհանրապես՝ առաջնորդ և ներկայացուցիչ։
Այսինքն՝ սա ոչ միայն հոգևոր խնդիր է, ոչ միայն զուտ գահակալի ընտրության հարց է, այլ ավելի շատ կազմակերպչական խնդիր է, որը վերաբերում է Թուրքիայի հայությանը, որն էլ կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև, և արդեն քանի տարի է՝ զրկված է առաջնորդից, կազմակերպչական մարմնից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքարանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած եկեղեցական ժողովի ժամանակ կայացված որոշմանը՝ դիմել թուրքական իշխանություններին՝ նոր պատրիարք ընտրելու արտոնություն տրամադրելու խնդրանքով, այս մասին ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նա հիշեցրեց, որ 2008թ. համայնքը ղեկավարում էր պատրիարքական փոխանորդը՝ Արամ Աթեշյանը, ով, ըստ թուրքագետի՝ կառավարման տարիներին ոչ միայն չլուծեց համայնքի խնդիրները, այլև նորանոր խնդիրներ ի հայտ եկան.
«Համայնքի և պատրիարքության միջև ստեղծվեց անջրպետ, ինչն աննախադեպ էր պատմության ընթացքում։ Այսինքն՝ հայկական համայնքը, ըստ էության, հեռացավ իր կառավարման միակ օղակից։ Աթեշյանն իր գործունեությամբ առաջացրեց ոչ միայն Թուրքիայի հայության, այլև հայության ավելի լայն շերտերի որոշակի բացասական տրամադրվածություն իր անձի նկատմամբ»։
Ինչ վերաբերում է կոնկրետ որոշմանը՝ անցկացնել պատրիարքական ընտրություններ, ապա դա նորմալ գործընթաց է ու պետք է վաղուց արվեր.
«Մոտ 8 տարի համայնքը բախված էր այդ խնդրին, թե ինչու համապատասխան մարմինները, իսկ կոնկրետ՝ փոխանորդ Աթեշյանը, չի դիմում Ներքին գործերի նախարարությանը, որպեսզի անցկացնեն պատրիարքական ընտրություններ։ Այս ձգձգումը ոչ մի պատճառաբանություն ունենալ չի կարող, քանի որ գործող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակը ոչ թե նոր է այսպես, այլ առնվազն 6 տարի է։ Նրա միայն սիրտն է աշխատում, ու բժիշկների ներկայացմամբ՝ վարում է բուսական կյանք»։
Թե ինչու եղավ այս որոշումը, ըստ թուրքագետի՝ առնվազն երկու պատճառ կարելի է գտնել.
«Առաջին՝ Մայր աթոռ Ս. Էջմիածինը քանիցս հորդորել է պատրիարքական փոխանորդին՝ դիմել թուրքական իշխանություններին, որպեսզի անցկացվի պատրիարքական ընտրություններ, բայց փաստորեն, փոխանորդը հրաժարվում էր կատարել Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդոր-հրահանգը։ Երկրորդ՝ Բունդեստագի հայտնի որոշումից հետո Աթեշյանի արձագանքն առաջացրել էր աշխարհասփյուռ հայության մոտ արդարացի զայրույթ, և ևս մեկ անգամ ամբողջ հայության օրակարգում հայտնվել էր պատրիարքության և պատրիարքի ընտրված չլինելու խնդիրը։ Աթեշյանը բազմիցս ասել է, որ կդիմի Թուրքիայի ՆԳՆ-ին, բայց չի դիմել, ու կարող ենք արձանագրել, որ բարձրաստիճան հոգևորականը տարիներով ստել է։ Եվ հոգևոր խորհրդի կողմից ընդունված այս որոշումն ապացույցն է նրա, որ Աթեշյանի հավաստիացումներն արժեք չեն ունեցել համայնքի համար»։
Անդրադառնալով թեկնածուների հարցին, թուրքագետը նկատեց՝ այստեղ բավական մեծ ինտրիգ է թաքնված.
«Թեկնածուները հիմնականում երեքն են. առաջինը, իհարկե, Աթեշյանն է, որը համայնքում ունի շատ ցածր վարկանիշ և տարատեսակ սկանդալների կիզակետում է եղել։ Երկրորդը Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեկչյանն է, երրորդը՝ Գուգարաց թեմի առաջնորդ, հայաստանցի Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն է։ Եթե լինի իրոք արդար ընտրություն, ապա շատ հետաքրքիր իրավիճակ կստեղծվի, քանի որ բոլոր փաստերը վկայում են, որ հայաստանցի արքեպիսկոպոսն է ֆավորիտը։ Սեպուհ արքեպիսկոպոսը Պոլսո համայնքում ունի բավականին հետաքրքիր ընկալում՝ նախ՝ որպես շատ համարձակ եկեղեցական, որպես հաշտեցման կողմնակից, երկրորդ՝ լինելով հայաստանցի, նա կարող է կամուրջի դեր խաղալ աշխարհասփյուռ հայության և Պոլսո հայության միջև»։
Եթե թուրքական իշխանությունները միջամտեն, ապա, ըստ նրա՝ կանցնի իրենց համար ցանկալի թեկնածուն, իսկ եթե արդար ընտրություններ անցկացվեն, Սեպուհ արքեպիսկոպոսը կընտրվի, ու կստեղծվի թուրք-հայկական դիվանագիտական օղակ. «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում սա կարող է որոշակի զիջում ընկալվել Թուրքիայի կողմից և ինչ-որ կիսապաշտոնական օղակի ստեղծում»։