«Ասում են, երբ մարդը երկար է մնում երազում, կարող է այնտեղից չվերադառնալ». կայացավ Հայկ Սայադյանի «Պապիկիս երազը» անիմացիոն ֆիլմի պրեմիերան
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ այլընտրանքային ֆիլմերի հեղինակ-նկարիչ Հայկ Սայադյանի «Պապիկիս երազը» անիմացիոն ֆիլմի պրեմիերան:
Սա այն դեպքերից էր, երբ խորհրդավոր էին ոչ միայն ներկայացվող ֆիլմն ու նրա հերոսները, այլև ինքը՝ հեղինակը, որն այդպես էլ չհայտնվեց սեփական անիմացիայի առաջնախաղին:
«Պապիկիս երազը» պատմում է երազների աշխարհը կառավարելի դարձնելու մի հնագույն տեխնիկայի մասին, որի վերաբերյալ հազարամյակներ շարունակ նախընտրել են լռել: Գուցե պատահական չէր պապիկի կերպարում 20-րդ դարի մեծանուն միստիկ, փիլիսոփա և կոմպոզիտոր` ծագումով հայ-հույն Գեորգի Գյուրջիևի ընտրությունը, հատկապես, երբ ֆիլմի պրեմիերային հավաքված մարդիկ եկել են ոչ թե գեղարվեստական ֆիլմ դիտելու, այլ հեղինակի երազում հայտնվելու:
«Սա ֆորմատով ո´չ ֆիլմ է, ո´չ մուլտֆիլմ, այլ երազ, որը բոլորով միասին այսօր նայելու ենք», – 168.am-ի հետ զրույցում նշում է ֆիլմի պրոդյուսեր Հայկ Կիրակոսյանը:
Արդյո՞ք երազի գլխավոր կերպարը, որի հետ հանդիսատեսը ծանոթացավ առաջնախաղի ընթացքում, առավելապես մոտ է միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևին, թե՞ հենց ինքն է, Հայկ Կիրակոսյանը պատասխանում է.
«Սա արդեն հանձնում ենք երազը տեսնողների դատին, չնայած կերպարն այնքան մոտ է, որ կարող ենք համարել, հենց ինքն է: Ինչպես Գուրջիևն է ասում. «Ես Գուրջիևն եմ, ես չեմ մեռնելու»: Ինչ-որ իմաստով մենք այսօր համոզվելու ենք, որ նա կա, կենդանի է և այցի է գնում ինչ-որ մեկի երազին:
Թեմայի ընտրությունը, պարզվում է, ճշգրտորեն համարժեք է այն վիճակին, երբ մարդը երազ է տեսնում: Սովորաբար, որպես կանոն, մենք չենք կարող ընտրել մեր երազները, դրանք ինչ-որ տեղից տրվում են մեզ:
«Հայկի պարագայում այս անգամ այս երազն է տրվել: Ի դեպ, նշեմ, որ սա մեծ երազներ շարքի առաջին ֆիլմն է: Երազները շարունակություն են ունենալու՝ ամբողջանալով մի մեծ խորագրի տակ, և սա ոչ թե պրեմիերա է, այլ որևէ պրոցեսի մեկնարկ, որի մեջ շատերն են ցանկանում և դեռ ցանկանալու հայտնվել»,- մեզ հետ զրույցում նույնքան միստիկ, որքան ֆիլմն է, նկատում է Հայկ Կիրակոսյանը:
Զուտ ինտուիտիվ մակարդակում պրոդյուսերը զգում է.
«Ճիշտ է, որ ինտուիցիան դեռևս հստակ գիտենալ չէ, բայց զգում եմ, որ երազի շարունակությունն արդեն կա, և բարեբեր ամպերի պես մոտենում են մեզ, որոնցից մեկն արդեն հանձնված է հանդիսատեսին դատին՝ որպես առաջին երազ: Այս ստեղծագործության ժանրը եզակի է նրանով, որ նախադեպ չունի: Նախկինում մենք հանդիպել ենք ֆիլմերի, մուլտֆիլմերի, անիմացիոն ֆիլմերի, բայց սա բոլորովին նոր ժանր է, որտեղ դուք հանդիպում եք որևէ մեկի երազում: Երազը տևում է 22 րոպե, բայց սա միջին տևողության երազի համար ավելի քան երկար է, որն իրականություն է դարձել բացառապես ոգեշնչման արդյունքում, որտեղ կա միայն վրձին, թուղթ ու ներկեր, մնացայլը հանդիսատեսի դատողություններն են»,- եզրափակում է ֆիլմի պրոդյուսեր Հայկ Կիրակոսյանը:
Տեղեկացնենք, որ այլընտրանքային ֆիլմերի հեղինակ-նկարիչ Հայկ Սայադյանն այս պահին շարունակում է աշխատել «Մոմիկ» լիամետրաժ այլընտրանքային անիմացիոն շարժանկարի վրա: Ե´վ «Մոմիկը», և´ «Պապիկի երազը» այս տարի ընդգրկված են «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնի մրցութային ծրագրերում:
https://www.youtube.com/watch?v=VRDbpRbXVZU