
Գյուղատնտեսության նոր նախարարը կդառնա՞ Հանրապետական, թե՞ ոչ

Այսօր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ, եթե առաջարկ լինի, հնարավոր է՝ անդամակցի Հայաստանի հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ): Սակայն ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ հրավիրելն ուղիղ իմաստով պետք չէ հասկանալ, այլ շփումների արդյունքում, կուսակցության կանոնադրությանն ու ծրագրին ծանոթանալուց, համակրելուց հետո անձն ասում է` «դեմ չեմ»:
«Հիմա Իգնատի Առաքելյանն այսօր այդ կես քայլը կատարել է: Կա երկրորդ և երրորդ քայլը: Ես ամեն ինչ հավանական եմ համարում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շարմազանովը:
Նա ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, որ այսօր ՀՀԿ ԳՄ նիստում քննակվելու է նոր կուսակից ընկերների, մասնավորապես` վարչապետ Կարեն Կարապետյանի և նոր նախարարների ընդունման հարցը:
«Նման հարց այս պահին դեռ չկա: Ցանկացած ԳՄ նիստում կա կետ` այլ հարցեր, և ԳՄ 19 անդամներից յուրաքանչյուրը կարող է օրակարգում առաջարկություններ անել: Կքննարկվի՞, թե՞ ոչ՝ նիստում է որոշվում,- նշեց Է. Շարմազանովը` հավելելով,- Մենք շատ ժողովրդավարական կուսակցություն ենք»: